Օրսեի թանգարանի եւ Օրանժերիի թանգարանի նախագահ Լորանս դե Քարը կդառնա Լուվրի նոր տնօրենը: Այս մասին ասվում է Ֆրանսիայի մշակույթի նախարարության կայքում չորեքշաբթի օրը հրապարակված հաղորդագրության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Լորանս դե Քարը առաջին կինն է, ով զբաղեցնում է այս պաշտոնը:
«Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը, հանրապետության մշակույթի նախարար Ռոզլին Բաշլոյի առաջարկով, Լորանս դե Քարին նշանակում է Լուվրի թանգարանի նախագահ-տնօրեն»,- ասված է հայտարարության մեջ: Պարզաբանվում է, որ Լորան դե Քարը պաշտոնը կստանձնի սեպտեմբերի 1-ին:
Այդ պաշտոնին հավակնում էին նաեւ թանգարանի ներկայիս տնօրեն Ժան-Լյուկ Մարտինեսը եւ Փարիզի Պիկասոյի թանգարանի ղեկավար Լորան Լե Բոնը:
Լուվրի ապագա տնօրենը 19-րդ եւ 20-րդ դարասկզբի արվեստի մասնագետ է, իր կարիերան նա սկսել է Օրսեի թանգարանում՝ որպես գեղանկարչության համակարգող: 2014-ին նշանակվել է Օրանժերիի թանգարանի, իսկ 2017-ին՝ Օրսեի թանգարանի տնօրեն:
Ինչպես նշում է France Inter-ը, Լուվրի նոր ղեկավարի կողմից լուծվելիք խնդիրների շարքում հաճախելիության ավելացումն է: Վերջին տարվա ընթացքում համավարակի պայմաններում Լուվրի հաճախելիությունը նվազել է 72%-ով: Հունվարին թանգարանը հայտնել էր, որ 2020-ին Լուվր է այցելել 2.7 միլիոն մարդ, 2019-ին այդ ցուցանիշը 9,6 միլիոն է եղել, իսկ 2018-ին թանգարանը ռեկորդ է սահմանել՝ ընդունելով 10,2 միլիոն մարդու, ինչը 25%-ով ավելի է 2017-ի ցուցանիշից։