Գրիշա Բալասանյանի էջից.
Ինչպես անել, որ քաղաքացին զզվի ամեն ինչից ու ձգտի օր առաջ լքել երկիրը.
Այսօր մեր ընկերներն ամուսնացան։ Զույգից մեկն ազգությամբ հայ, բայց այլ երկրի քաղաքացի է։ Ամուսնությունը գրանցելու գործընթացն իրականացվել է Արդարադատության նախարարության միջոցով։ Զույգը սիրունացել, պատրաստվել էր, որ այսօր նախարարության շենքում ստանար ամուսնության վկայականը։ Նշված ժամին նախարարության առաջին հարկի ընդունարանում էին։ Զանգեցին, որ աշխատակցին ասեն՝ սպասում են։
Կոպիտ ձայնով պատասխանեց.
– Սպասեք, կմոտենամ։
10 րոպե անց նախարարության ընդունարանում հնչեց ամուսնու անունը։ Զույգը մոտեցավ մտածելով, թե պիտի ներս հրավիրեն, որ վկայականը հանձնեն։ Բայց… ամուսնության վկայական հիշեցնող թղթի կտորը բառիս բուն իմաստով աշխատակիցը շպրտեց ընդունարանի սեղանին ու գնաց.
– Շնորհավորում եմ։
Կինը շփոթված հարցրեց
– Վե՞րջ։
Աշխատակցուհին նույնիսկ չկանգնեց, որ պատասխանի նորապսակներին.
– Այո, բա ինչ էիք ուզում։
Սա այն դեպքում, երբ ամեն օր ՀՀ արդարադատության նախարարություն/Ministry of Justice of Armeniaը հաղորդագրություն է տարածում, թե ինչեր են անում քաղաքացիների նկատմամբ հարգանքը մեծացնելու, նրանց կյանքը թեթևացնելու համար։ Բայց արի ու տես, որ այդ ամենը միայն ֆեյսբուքցիների համար է ու ոչ մի կապ չունի իրականության հետ։ Այս կերպ եք խրախուսու՞մ երկրում ամուսնությունը, որ դառնանք 5 մլն։ Այս կերպ եք հարգո՞ւմ քաղաքացուն։ Գուցե չհավատայի, եթե իմ աչքով տեսած չլինեի։ Ուղղակի ամոթ