Ինչպե՞ս է երեկոյան մարզումն ազդում առողջության վրա
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս է երեկոյան մարզումն ազդում առողջության վրա

Ուշ երեկոյան մարզադահլիճում մարզվելը խթանում է նյութափոխանակությունը եւ իջեցնում արյան մեջ գլյուկոզի մակարդակը գիշերը: Այս մասին հայտնում են Ավստրալիայի կաթոլիկ համալսարանի գիտնականները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Diabetologia ամսագրում:

Հետազոտության հեղինակները հետազոտել են ավելորդ քաշով եւ 2-րդ տիպի շաքարախտի զարգացման ռիսկով 24 գեր տղամարդու նյութափոխանակությունը: Նրանք բոլորը ճարպերի բարձր պարունակությամբ սննդակարգի էին հետեւում: Կամավորները բաժանվել էին խմբերի՝ կախված նրանից, թե օրվա որ ժամին են մարզվում՝ առավոտյան, երեկոյան, թե ընդհանրապես չեն մարզվում: Ինչպես պարզվել է, անկախ օրվա ժամից, մարզումները բարելավել են սրտանոթային համակարգի վիճակը, իսկ նրանց մոտ, ով մարզվել է ուշ երեկոյան, զգալի կերպով նվազել է գլյուկոզի մակարդակը գիշերային ժամերին:

Ըստ գլխավոր հետազոտող Թրինե Մոհոլդտի՝ հետազոտության արդյունքները հատկապես կարեւոր են դիաբետիկների համար, ովքեր դժվարանում են վերահսկել գլյուկոզի մակարդակը:

Բժիշկ Մոհոլդտի խոսքով՝ 2-րդ տիպի շաքարախտով մարդիկ հաճախ գիշերը տառապում են գլյուկոզայի բարձրացումներից: Հետազոտությունները ցույց են տվել, որ գիշերային հիպերգլիկեմիայի խնդիրը՝ արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացումը, կարելի է լուծել ֆիզիկական վարժությունների օգնությամբ:

news.am