Ռուսաստանի աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար Մաքսիմ Տոպիլինը հավաստիացրել է, որ Տու-154 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների հարազատներին վճարումները կսկսվեն մոտ ժամանակներս: Այն բանից հետո, երբ կհավաքվեն բոլոր փաստաթղթերը, խնդիրներ չեն լինի, ասել է նա:
Տոպիլինը դեկտեմբերի 25-ին Տու-154 ինքնաթիռի կործանման կապակցությամբ հանձնարարել էր կազմակերպել զոհվածների ընտանիքներին վճարումների աշխատանքը: «Ավիաաղետից զոհվածների հարազատներին ապահովագրական վճարումները կսկսվեն մոտ ժամանակներս, դրանց հետ կապված խնդիրներ չեն լինի»,-դեկտեմբերի 26-ին ասել է նա լրագրողներին:
Ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին Սոցիալական ապահովագրության հիմնադրամի մամուլի ծառայությունում հայտնել են, որ Ալեքսանդրովի անվան անսամբլի զոհված մենակատարների բոլոր ընտանիքները վճարումներ կստանան 1 մլն ռուբլու չափով:
Իր հերթին «Սոգազ» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ ավիաաղետից զոհված զինվորականների ընտանիքները կստանան ավելի քան 5,8 մլն ռուբլի:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության Տու-154 ինքնաթիռը, որը Մոսկվայից ուղևորվում էր Սիրիա, դեկտեմբերի 25-ի առավոտյան կործանվել է Սև ծովում: Գերատեսչության տվյալներով, օդանավում եղել է 92 մարդ՝ անձնակազմի ութ անդամներ և 84 ուղևոր, այդ թվում՝ ութ զինվորական, Ալեքսանդրովի անվան անսամբլի 64 արտիստ, ռուսական հեռուստաալիքների ինը ներկայացուցիչներ, «Արդար օգնություն» բարեգործական հիմնադրամի ղեկավար Ելիզավետա Գնինկան, որն ավելի հայտնի է որպես բժիշկ Լիզա, երկու զինծառայող: