Հինգ նախանշան, որ ձեր առողջության հետ մի բան այն չէ
Advertisement 1000 x 90

Հինգ նախանշան, որ ձեր առողջության հետ մի բան այն չէ

Միշտ չէ, որ վատ ինքնազգացողությունը ստիպում է մեզ այցելել բժիշկի: Մեր օրգանիզմը ցանկացած խնդրի դեպքում ահազանգում է, բայց երբեմն ինչ-ինչ պատճառներով մենք կարող ենք անտեսել այդ ահազանգերը: Իհարկե, սովորական գլխացավի դեպքում պետք չէ անմիջապես վազել մոտակա պոլիկլինիկա, սակայն սեփական առողջության նկատմամբ զգոն լինելը կօգնի խուսափել լուրջ հիվանդություններից: Ստորեւ ներկայացնում ենք այն նախանշանները, որոնք երբեք պետք չէ անտեսել:

1. Քաշի անսպասելի կորուստ

Ավելորդ կիլոգրամներից ազատվել՝ առանց ջանք թափելու, երազանք է շատերի համար: Բայց եթե Դուք կտրուկ քաշ եք կորցնում եւ դրա համար ոչինչ չեք անում, ապա դա անհանգստանալու, ոչ թե ուրախանալու առիթ է: Օրինակ՝ քաղցկեղի որոշ տեսակներ առաջացնում են քաշի կորուստ, ինչպես նաեւ՝ վահանաձեւ գեղձի խանգարումներ:

2. Խալի գույնի փոփոխություն

Երբեք, երբեք չանտեսեք խալերը, որոնք փոխում են իրենց գույնը եւ ձեւը: Պետք է անպայման այցելել մաշկաբանին, քանի որ մաշկի քաղցկեղը բավականին տարածված հիվանդություն է, որի պատճառը երբեմն այն է, որ մարդիկ պարզապես ժամանակին բժշկական ստուգումներ չեն անցնում:

3. Քնկոտություն

Շատ մարդիկ երազում են ավելի երկար քնելու մասին՝ կարծելով, թե դա նորմալ է: Սակայն 9 ժամից ավելի քնելը կարող է դեպրեսիայի, քրոնիկ բորբոքումների, երբեմն՝ տարատեսակ սկլերոզների պատճառ լինել: Այնպես որ, եթե Դուք միշտ հոգնած եք զգում Ձեզ, քնում եք ե ՛ւ ցերեկը, ե ՛ւ գիշերը, ապա մի անտեսեք դա եւ այցելեք բժիշկի:

4. Շարունակական հազ

Եթե Ձեր հազը շարունակվում է երկու ամսից ավելի, ապա դա նշան է, որ պետք է այցելել բժիշկի: Շարունակական հազը ոչ միայն նյարդայնացնող է, այլեւ կարող է նշան լինել օրգանիզմից, որ ինչ-որ մի բան այն չէ. միգուցե ասթմա է կամ թթվային ռեֆլեքսի խանգարումներ:

5. Ցավեր որովայնի շրջանում

Որովայնային ցավերը սովորական երեւույթ են, բայց եթե ցավը կրկնվում է մի քանի օր շարունակ եւ հատկապես՝ որովայնի աջ կողմի ստորին հատվածում, պետք է անպայման դիմել բժիշկի:

armlur.am