Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Գարեգին Բաղրամյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ հանձնաժողովը «Գազպրոմ Արմենիայից» գազի սակագնի վերանայման հայտ չի ստացել։
«Անկախ նրանից, թե ինչ կբանակցեն, սահմանին ինչ գին կձևավորվի, վերջնական սպառողների համար սակագների փոփոխության հստակ ընթացակարգ կա` կա՛մ հանձնաժողովն իր նախաձեռնությամբ պետք է ձեռնարկի սակագնի վերանայում, կա՛մ պետք է լինի սակագնի վերանայման հայտ: Հայտի ուսումնասիրության համար օրենքով նախատեսված է առնվազն 80 աշխատանքային օր: Քննարկման ավարտից հետո սահմանված սակագներն էլ ուժի մեջ են մտնում 30 օր հետո: Այս պահին սակագնի վերանայման հայտ չունենք»,- ասաց Բաղրամյանը:
ՀԾԿՀ նախագահը նաև հիշեցրեց, որ ռուսական կողմի հետ գազի ներմուծման գործող պայմանագիրը երկարաձգվել էր մինչև 2021թ–ի հուլիս: Դրանից հետո պետք է լինի նոր պայմանագիր: