Սրտի շուրջը ավելորդ ճարպը վտանգավոր է նույնիսկ նորմալ քաշ ունեցող մարդկանց համար
Advertisement 1000 x 90

Սրտի շուրջը ավելորդ ճարպը վտանգավոր է նույնիսկ նորմալ քաշ ունեցող մարդկանց համար

Պերիկարդիալ ճարպի ավելցուկի դեպքում սրտի անբավարարության ռիսկը մեծանում է, ընդ որում՝ կանանց համար այս խնդիրն ավելի վտանգավոր է: Այս մասին հաղորդվում է Journal of the American College of Cardiology-ում հրապարակված հետազոտության մեջ:

Medportal.ru-ն հաղորդում է, որ հետազոտությանը մասնակցել է 45-87 տարեկան շուրջ 7000 մարդ, զննման սկզբում նրանցից ոչ մեկի մոտ սրտի հիվանդության նշաններ չեն հայտնաբերվել: Բժիշկները յուրաքանչյուրին կրծքավանդակի կոմպյուտերային տոմոգրաֆիա են արել, որպեսզի գնահատեն սրտի շուրջը եղած ճարպի քանակը: Գիտնականները կանանց մոտ 70 եւ 120 խորանարդ սանտիմետր պերիկարդիալ ճարպն են համարել ավելորդ քանակ: Ավելի քիչ ծավալի ճարպը համարվել է նորմալ:

Մասնակիցներին հետեւել են 17 տարի, այդ ընթացքում նրանցից գրեթե 400-ի մոտ սրտի անբավարարություն է զարգացել: Այս վիճակում սիրտը չի կարող արդյունավետորեն մղել արյունը: Ռիսկն ավելի մեծ է եղել սրտի շուրջը ճարպի ավելցուկային կուտակումներով մարդկանց մոտ: Այն բանից հետո, երբ գիտնականները հաշվի են առել այս վիճակի լրացուցիչ ռիսկի բոլոր գործոնները (ծխելը, նստակյաց ապրելակերպը եւ այլն), պարզվել է, որ պերիկարդիալ ճարպը կանանց մոտ սրտի անբավարարության ռիսկը բարձրացնում է 100%-ով, իսկ տղամարդկանց մոտ` 50% -ով:

Սրտի շուրջը ճարպի ծավալը չափավոր կապված է եղել ավելորդ քաշի, ճարպակալման եւ որովայնի ճարպի քանակի հետ: Դրա ավելցուկային քանակը կապված է եղել սրտային անբավարարության ռիսկի հետ, անկախ այս ցուցանիշներից: Պերիկարդիալ ճարպի ավելցուկ եղել է նորմալ քաշ ունեցող մասնակիցների 10%-ի մոտ:

news.am