Ամանորյա ավանդական երգ ու պարը ոչ ավանդական մթնոլորտում, սակայն, թերևս, հայրենիքի ամենաթանկ անկյուններից մեկում` Արցախի Տիգրանակերտում՝ դիրքերից ոչ հեռու. ահա այսպիսին է լինելու Երկիր Մեդիայի տոնական թողարկումը:
«Գնացինք սահման, որպեսզի ավելի մոտ լինենք մեր զինվորներին, ավելի լավ պատկերացնենք այդ մթնոլորտը: Նկարահանումն իրականացրինք Տիգրանակերտի ամրոցում: Մեզ հետ էին հեռուստաընկերության հաղորդավարական ողջ անձնակազմը, տեխնիկական թիմը, ինչպես նաև միացել էին երգիչ-երգչուհիները` մոտ 25 հոգի»,-այս մասին Asekose.am-ին հայտնեց ռեժիսոր Արման Պետրոսյանը:
Իսկ տոնական նկարահանման գլխավոր հյուրերը, իհարկե, ապրիլյան քառօրյանին մասնակցած և զորացրված տղաները, ծառայության մեջ գտնվող զինվորներն ու սպաներն էին:
«Դժվար էր, բավական ցուրտ էր, պայմաններ չկային, սակայն հատկապես հաշվի առնելով ապրիլյան դեպքերը, այն համախմվածությունը, որ ունեինք այդ օրերին, որոշեցինք ավանդական «օգոնյոկ»-ը հենց այդ ձևով իրականացնել: Գլխավոր նպատակը մեր զինվորների կողքին, սահմանին լինելն էր, Արցախի հողերը զգալն էր, ինչպես նաև` տղաներին ոգևորելը: Այս մտահաղացման հեղինակը Երկիր Մեդիայի տնօրինությունն էր, ես էլ այդ ամենը որպես ռեժիսոր իրականացնողն էի»,-նշեց Արման Պետրոսյանը:
Վերջինիս խոսքով` աշխատանքային լարվածության պատճառով ամեն ինչ ամբողջապես չէր գիտակցում, սակայն արդեն Երևանում տեսնելով վերջնական արդյունքը` աշխատանքից և ստեղծված մթնոլորտից շատ գոհ է.
«Ամեն ինչ շատ անմիջական մթնոլորտում էր նկարահանվել: Օրինակ` շատ հուզիչ էր տեսնել, թե ինչպես է Շուշան Պետրոսյանը զինվորների հետ քոչարի պարում, իսկ Արփի Շահնուբարյանը զինվորների հետ կենաց խմում և ուրախանում: Շատ տպավորիչ հատված էր, երբ Փոքրիկ ղարաբաղցի Միկան երգում էր «Մեր անունն է հայկական բանակ» երգը: Չեմ կարող նկարագրել, թե ինչ տրամադրություն էր այդ պահին ներկաների մոտ, հաղորդավարներից երկուսը նույնիսկ չկարողացան զսպել իրենց և բեմ բարձրացան: Թերևս, երգիչ-երգչուհիներն այդ ամենը շատ ավելի լավ կնկարագրեն: Նրանք զինվորների հետ միասին նստել էին սեղանների շուրջ, զրուցել, երգել և պարել: Իհարկե, առավելապես գերիշխում էր ռազմահայրենասիրական ոգին, բայց ընդհանուր առմամբ այնպես չէր, որ պետք է հնչեին միայն այդ ոճի երգեր: Նշեմ` բոլոր երգիչ-երգչուհիներն էլ (Շուշան Պետրոսյան, Լեյլա Սարիբեկյան, Ներսիկ, Արաբո, Աղասի Իսպիրյաններ, Արփի, և այլք) եկել էին անշահախնդրորեն, մեծ ոգևորությամբ, սիրով ընդունել էին առաջարկը` նույնիսկ եղան այնպիսինները, ովքեր պատրաստակամություն հայտնեցին իրենց միջոցներով գալ (խոսքը փոխադրամիջոցի մասին է): Միայն չէին եկել այն մարդիկ, ովքեր այդ օրերին վատառողջ էին»:
Ամբողջությամբ՝ asekose.am