«Ղողանջ» կենտրոնի «Արմաթ» լաբորատորիայի սան Դավիթ Բեկյանը ստեղծել և ներկայացրել է խաղ հայտնի «Աստղային պատերազմներ» ֆիլմի հիմքով։
«Star Wars ֆիլմը ինձ շատ դուր եկավ և որոշեցի ստեղծել խաղի իմ տարբերակը։ Խաղը ժամանցային է, ֆանտաստիկ։ Եթե դուք տեղյակ եք ֆիլմին, գլխավոր հերոսը՝ Anakin-ը, սկզբում դրական կերպար է, սակայն ֆիլմի ընթացքում դառնում է Dath Vader՝ վերածվելով, դառնալով սարսափելի, հրեշավոր կերպար։ Ես իմ խաղում փոխել եմ ընթացքը․ Anakin-ը վերջին աշխարհում հանդիպում ու կռվում է իր վատ տեսակի հետ։ Հաղթելու դեպքում թույլ չես տալիս նրան վերածնվելու, փաստորեն կանխում ես հետագա չարիքը, իսկ եթե ոչ՝ չարը հաղթում է։ Իմաստը դա է, նոր միտք, նոր գաղափար, նոր մոտեցում»,- պատմում է Դավիթը։
Թիմի անդամ Մարիամ Շահսուվարյանը պատմում է, որ խաղը ստեղծվել է մանրակրկիտ աշխատանքի արդյունքում։
«Խաղը ստեղծելու համար բավականին մեծ աշխատանք է տարվել։ Ուշադրություն է դարձվել ամեն մանրուքի վրա։ Մեր թիմն ընդհանուր առմամբ բաղկացած է 3 հոգուց՝ Դավիթը խաղի ստեղծողն է։ Ես ներկայացնում եմ խաղը, ինչպես նաև խորհուրդներ եմ տվել դիզայնի վերաբերյալ։
Դավիթը և խաղի թեստավորող Էմիլ Արշակյանը շատ երկար են աշխատել խաղի վրա՝ ուշադրություն դարձնելով ցանկացած մանրուքի վրա»։
Խաղի թեստավորող Էմիլ Արշակյանը նշում է, որ խաղում եղել են միայն փոքր թերություններ։ |Խաղը բաղկացած է երեք փուլից, ես երեք փուլն էլ թեստավորել եմ։ Նկատել եմ միայն բացթողումներ կամ մանր թերություններ։ Ես այդ մասին հայտնել եմ Դավիթին և խաղի ինչ-որ մասերի վերաբերյալ առաջարկություններ եմ արել։ Խաղի մեջ չկային կոնկրետ թերություններ։ Խաղը կարելի է փոփոխել, բայց ոչ Scratch ծրագրով։ Քանի որ նրա ֆունկցիոնալը չի բավարարում։ Ես նաև ստեղծել եմ պրեզենտացիան։ Ես ունեմ շատ լավ խմբավար և թիմ/ընկերներ։ Ես շատ ուրախ եմ, որ այսպիսի ընկերներ և խմբավար ունեմ, և, որ այս խաղը շատերին է դուր եկել»,- պատմում է Էմիլը։
Դավիթը հետաքրքրվում է նաև ավիամոդելավորմամբ։ Ֆիլմում կան շատ հետաքրքրիր օդային պատերազմի էպիզոդներ, որոնք էլ հիմք հանդիսացան այս խաղի ստեղծման համար։
«Քանի որ խաղը ստեղծված է Scratch ծրագրով, այն տեղադրված է համանուն կայքում։ Ցանկանալու դեպքում կարող եք խաղալ։ Խաղը ժամանցային է, հետագայում կփորձեմ ստեղծել դրա Unity ծրագրով, որը որակային անհամեմատ լավը կլինի։ Կազմված է 3 աշխարհից, կան տարբեր փորձություններ՝ թե ցամաքում, թե բաց տիեզերքում։ Բոլոր կերպարներին կարող եք հանդիպել կինոֆիլմում։
Արձագանքները շատ մեծ են, անհամեստ թող չթվա, խաղը բոլորին հետաքրքրել է։ Ես ունեմ լավ ընկերներ, լավ խմբակավար։ Մեզ մոտ գաղափարները միասնական են, բոլորը պատրաստ են իրենց ուժերի ներածին չափով օգնել միմյանց։ Միասին մենք կհասնենք բաղձալիին»,- ասում է Դավիթը։
Խաղի առանձնահատկություններից են կրեատիվ լուծումները, հետաքրքիր սյուժեն, անիմացիաները։ Խաղում առկա են նաև դժվարանցանելի փուլեր, որոնք ստիպում են մարդկանց ավելի ուշադիր լինել և ճիշտ կողմնորոշվել տվյալ իրավիճակում։ Առկա է նաև ուղեցույց, որը կներկայացնի խաղի աշխատանքի սխեման։
Մարիամ Շահսուվարյանը պատմում է նաև, որ Դավիթը նպատակ ունի հայրենասիրական թեմատիկայով ինչ-որ խաղ ստեղծել։ «Երկրի համար այս դժվար պահին հենց հայրենասիրությունն է, որ պետք է քարոզել։ Դավիթը ցանկանում է հետագայում շատ զարգանալ և նպաստել Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը»։
Սիրարփի Աղաբաբյան