«Մինչ համավարակը ես մի քանի ամիս անցկացրել եմ Երեւանում: Այնքան բան է դրանից հետո կատարվել, որ ինձ համար այս այցելությունս, ասես, թարմ օդի պես մի բան լինի: Ես բազմիցս նշել եմ իմ հարցազրույցներում, որ Երեւանն ու, առհասարակ, Հայաստանը, ինձ ուժ փոխանցող վայրերն են եւ, երեւի, ես առաջին հերթին գալիս եմ լիցքավորվելու եւ իմ հայրենակիցներին իմ երաժշտությամբ լիցքավորելու համար: Ես, իսկապես, հավատում եմ երաժշտության՝ վերականգնող հատկությանը, իսկ մեր ազգը շատ երաժշտական է: Վստահ եմ, որ մարդիկ կզգան ու կընդունեն իմ երաժշտությունն ու այն էներգիան, որը ես ցանկանում եմ փոխանցել համերգներիս ընթացքում»:
Երգչուհին հավելեց, որ համերգային ծրագրում ներառված կլինեն ինչպես հայտնի ու սիրված երգեր, այնպես էլ՝ պրեմիերաներ.
«Կկատարեմ նաեւ իմ նոր երգը, որի թողարկումը նախատեսվում է այս ամռան ընթացքում, եւ իմ հայ հանդիսատեսի համար ուզում եմ կատարել եւս մի նոր երգ, որը հայերենով է. այն դեռեւս ոչ մի տեղ չի հնչել, բայց շատ եմ ցանկանում դրանով կիսվել հայկական լսարանիս հետ»:
Վերջին անգամ Մարգարիտա Պոզոյանը Երեւանում հանդես է եկել 2019 թ-ի նոյեմբերին՝ Իոսիֆ Կոբզոնին նվիրված մեծ համերգի ժամանակ: Երգչուհին ասում է՝ իրականում այնքան շատ չի կարողանում լինել Երեւանում, որքան՝ ինքը կցանկանար, բայց համոզված է՝ հիմա, երբ ակտիվ գործունեության է անցել, ավելի հաճախ կկարողանա այցելել հայրենիք:
Ամբողջությամբ՝ news.am