«Նախագահի շրջագայությունները, դրանց նպատակներն ու արդյունքները». Էդգար Ղազարյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Նախագահի շրջագայությունները, դրանց նպատակներն ու արդյունքները». Էդգար Ղազարյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը 2021 թվականի հունիսի 3-ի մեկնել է Ղազախստան։ Արմեն Սարգսյանն այն պաշտոնյաներից է, ով հաճախ է շրջագայում։ 2020 թվականի COVID-19-ի համավարակը պատճառ հանդիսացավ, որ նա ստիպված տևական ժամանակ Հայաստանում անցկացնի։ Հիմա կարծես, բացվել է ճամփորդությունների նոր սեզոնը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն իրավունք ունեն իմանալ, թե ինչ նպատակով, ինչ օրակարգով և ինչ խնդիրների լուծման նպատակով է արտասահմանյան այցերի մեկնում Հանրապետության նախագահը։

Համաձայն ՀՀ Սահմանադրության «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»: Սահմանադրության 132-րդ հոդվածը սահմանում է Հանրապետության նախագահի լիազորություններն արտաքին քաղաքականության բնագավառում։ Դրանք են․ Կառավարության առաջարկությամբ կնքում է միջազգային պայմանագրեր, վարչապետի առաջարկությամբ նշանակում և հետ է կանչում օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում դիվանագիտական ներկայացուցիչներին, ընդունում է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայացուցիչների հավատարմագրերը և հետկանչագրերը: Հանրապետության նախագահը, Կառավարության առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով հաստատում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում վավերացում չպահանջող միջազգային պայմանագրերը: Նա նաև, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է բարձրագույն դիվանագիտական աստիճաններ:

Այսինքն, ստացվում է, որ նախագահն արտաքին քաղաքականության բնագավառում իր լիազորությունները կատարելիս արտասահման այցելելու խնդիր գրեթե չունի։

Սահմանադրությամբ պետության արտաքին քաղաքականության մշակումն ու իրականացումը կառավարության խնդիրն է։ Այս պարագայում հարց է առաջանում, թե ինչ նպատակով և բանակցային լիազորություններով է նախագահը մեկնում արտասահման։

Շատ հարցեր ստանում են իրենց պատասխանը, երբ համադրության մեջ ենք դնում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի արտասահմանյան այցերը այս կամ երկրում ունեցած իր բիզնես հետաքրքրությունների և շահերի հետ։

Մասնավորապես, Ղազախստանի պարագայում շատերին են հայտնի մամուլի այն բազմաթիվ հրապարակումները, համաձայն որոնց Արմեն Սարգսյանը, դեռևս Լոնդոնում Հայաստանի դեսպան աշխատելու տարիներին, ինչպես նաև այդ միջակայքում եղած ժամանակահատվածում, սերտ կապեր է հաստատել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի և նրա ընտանիքի հետ՝ մի կողմից օգնելով նրանց գործունեությանը Մեծ Բրիտանիայում, մյուս կողմից այդ կապերն օգտագործելով հակառակ ուղղությամբ՝ նպաստելով անգլիական նավթագազային ընկերություններին գործունեություն ծավալել Ղազախստանում՝ այդ ամենի դիմաց երկուստեք ստանալով բավարար փոխհատուցում։ Հատկանշական է, որ Արմեն Սարգսյանն իր պաշտոնավարման երեք տարիների ընթացքում Ղազախստան այցելում է երկրորդ անգամ։ Առաջին անգամ նա այդ երկիր է մեկնել 2019 թվականի մայիսին, որտեղ անցկացրել է շուրջ 10 օր, ինչն աննախադեպ է բարձրաստիճան պաշտոնատար անձանց արտասահմանյան գործողումների համար։

Ղազախստան այցից առաջ, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը 2021 թվականի մայիսին այցելել էր Մոսկվա։ Չնայած իր Մոսկվայում գտնվելու ընթացքում Մոսկվայում տեղի էր ունեցել Հայրենական Մեծ պատերազմի 76-րդ տարեդարձին նվիրված զինվորական շքերթ և պաշտոնական միջոցառումներ, սակայն Հայաստանի նախագահը դրանց ոչ մեկին չէր մասնակցել։ Մոսկվայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակի առթիվ այցելել են Տրոեկուրովյան գերեզմանատանն ամփոփված լեգենդար հետախույզներ, Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանի և նրա տիկնոջ՝ Գոհար Վարդանյանի շիրիմներին, ծաղիկներ դրել և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին: Նախագահի գերեզմանոցային այցը դրանով չի սահմանափակվել։ Հաղթանակի օրը, այցելել է Մոսկվայի Նովոդևիչյե գերեզմանատուն, որտեղ գտնվում են Խորհրդային Միության հերոսներ, ծովակալ Հովհաննես Իսակովի և զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի շիրիմները:

Հայաստանի նախագահը ծաղիկներ է դրել հայ նշանավոր ռազմական գործիչների գերեզմաններին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին: Մարշալ Բաղրամյանի գերեզմանին էլ այցելել է կարմիր հրապարակում։

Հատկանշական է, որ աշխատանքային կոչվող այցի ընթացքում Հայաստանի նախագահը ոչ մի ռուս բարձրաստիճան պաշտոնյայի հետ չի հանդիպել։ Փոխարենը, ըստ հայտնի եզրույթի («օդում կախված լուրերի»), նա Մոսկվայում հանդիսանում է մսամթերքի վերամշակման զբաղվող խոշոր ընկերության սեփականատեր, հետևաբար այցն առավելապես միտված է եղել իր բիզնեսի, ինչպես նաև այլ բիզնեսների շահերով և հետաքրքրություններով։ Արմեն Սարգսյանի ղեկավարության ներքո գտնվող Հայաստանում գործող ընկերություններից մեկը հանդիսանում է ռուսական հայտնի МАКФА և Балтика ապրանքային նշաններով ապարանքների ներմուծողը Հայաստանում։

Մոսկվայից առաջ, Արմեն Սարգսյանը 2021 թվականի ապրիլին մեկնել է Վրաստան, որտեղ նա, ըստ որոշ աղբյուրների, հանդիսանում է Վրաստանում Pepsi Cola արտադրող ընկերության սեփականատերը (ըստ ոչ պաշտոնական աղբյուրների Արմեն Սարգսյանը նաև Հայաստանում և աշխարհի մի շարք այլ երկրներում Pepsi Cola արտադրող ընկերության սեփականատերն է)։

Դժվար է կռահել, թե ինչ շահեր կամ հետաքրքրություններ ունի Արմեն Սարգսյանը Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում, Ֆրանսիայում, Բելգիայում և Գերմանիայում, սակայն պարզ չէ նաև թե ինչ արդյունքներն են ստացվել Հայաստանի համար նրա թանկարժեք այցելություններից հետո։ Նա պարբերաբար այցելել է նաև Արաբական Միացյալ Էմիրություններ, Կատարի Պետություն կամ Շվեյցարիա։ Վերջինի դեպքում կարծես հստակ է, քանի որ Արմեն Սարգսյանը վաղուց զբաղված է Հայաստանում շվեյցարական Nestle ընկերության ապրանքների վաճառքով։ Իսկ թե ինչ շահեր ունի նա Հայաստանի հետ գրեթե առևտրատնտեսական հարաբերություններ չունեցող արաբական երկրների հետ, դժվար հնարավոր լինի պատկերացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով նրա ներկայացրած հայտարարագրերից, որտեղ նա ու իր կինը չեն հայտարարագրել որևէ արժեթղթեր և այլ ներդրումներ։

Այս պարզ և մակերեսային ուսումնասիրությունը, կարծում ենք, բավարար է հասկանալու համար, թե ինչն է ստիպում Արմեն Սարգսյանին ներքաշվել հայ ժողովրդի ամենամեծ թշնամու՝ Նիկոլ Փաշինյանի կողմից ստեղծվող և ղեկավարվող ենթադրյալ հանցախմբերի մեջ, կատարել նրա ապօրինի ցուցումներն ու հանձնարարությունները՝ ամրապնդելու համար նրա ազգակործան և հանցավոր իշխանությունը։ Այդ գործունեությունը, պետական պաշտոնն անձնական նպատակներով օգտագործող վարպետի համար, ի վերջո վերածվում են միլիոնավոր դոլարների հարստության, որոնք տեղաբաշխված են տարբեր երկրներում և դիվերսիֆիկացված են տարբեր ոլորտների բիզնեսներում, որոնց մասին մենք ստիպված ենք իմանալ ոչ թե պաշտոնական հայտարարագրից, այլ «օդում կախված լուրերից»:



Նման նյութեր