Կառավարության այսօրվա՝ հունիսի 10-ի նիստի ժամանակ «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» որոշման նախագիծը փոփոխության ենթարկվեց, որի համաձայն՝ ինչպես նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ Աբովյան-Պուշկին խաչմերուկից մինչև Սախարովի հրապարակ ընկած հատվածը դուրս եկավ հարային գերակա շահ ճանաչվելուց:
Ըստ հիմնավորման՝ վերոնշյալ իրավիճակը հանգուցալուծելու, սեփականության իրավունքի պաշտպանություն ապահովելու, պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքերի նկատմամբ միասնական մոտեցում ցուցաբերելու նպատակով որոշման հավելվածի առաջին կետից դուրս են բերվում այն հասցեները, որոնք հանդիսանալով պատմամշակութային հուշարձան, դեռևս չեն հանդիսանում ձեռք բերողի սեփականությունը և/կամ սեփականության իրավունքի փոխանցման մասին հարցը գտնվում է դատական քննության փուլում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված տարածքում միասնական քաղաքաշինական ծրագրի շրջանակներում բազմաֆունկցիոնալ կառուցապատում կատարելու նպատակը այլևս չի համարվում հանրության գերակա շահ՝ ի համեմատ սեփականատերերի շահերի և պատմության և մշակույթային արժեքների կամ հուշարձանների պահպանության ապահովման:
Տիգրան Ավինյանը նշեց, որ մի քանի շենքեր ճանաչվել են մշակութային արժեք ներկայացնող, և այս քաղաքաշինական գործընթացում մեծ առաջընթաց չի եղել և հաշվի առնելով պահպանման հարցը որոշում է կայացվել որ դրանք դուրս գան հանրային գերակա շահից: «Դրանց թվում հայտնի «Դոլմամա»–ի շենքն է»,- ասաց նա և նշեց, որ այն դուրս է գալիս հանրային գերակա շահ համարվող շենքերից ցուցակից:
Հարցը զեկուցող քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը նշեց, որ Հանրապետության վարչապետի որոշմամբ գործում է աշխատանքային խումբ, որն ուսումնասիրում է մինչև 2018 թվականը հանրային շահ ճանաչված տարածքների օգտագործման իրականացման քաղաքաշինական գործընթացների վիճակը և պարբերաբար այդ ուղղությամբ ներկայացրել են առաջարկություններ և սա հերթականներից մեկն էր: