Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ, իր խոստմանը համաձայն, հրապարակեց իր իսկ որակմամբ այն սկանդալային նյութը, որից հետո հասարակությունը պետք է պարզապես թքեր Նիկոլ Փաշինյանի նամուսին։ Իհարկե, որքան մարդ, այնքան տեսակետ, սակայն հասարակությունը կարծես թե առանձնապես չթքեց Նիկոլ Փաշինյանի նամուսին, ընդհակառակը, իշխանական քարոզչամեքենան ինչ որ իմաստով շատ հետաքրքիր կերպով այդ բացահայտում ձայնագրությունը փորձեց օգտագործել ի շահ Փաշինյանի։ Խոստովանենք, որ հասարակությունը շատ ավելի սուր, շատ ավելի սկանդալային ու դիտարժան բան էր ակնկալում, հատկապես, որ Սերժ Սարգսյանը բավական լարում եւ ինտրիգ էր մտցրել մինչ այդ, բացահայտման մասին խոսելով։ Սակայն ստացվեց մի իրականություն, որում կարելի է ասել՝ շատերի սպասելիքները չարդարացան, թեկուզեւ զուտ միայն դիտարժան տեսարանների մասով։ Եթե ավելի կոնկրետ գնահատենք, ապա Սերժ Սարգսյանի այս քայլը բավական հակասական է ու մտածումների առիթ տվող
- Նախ, շատ հետաքրքիր է, որ հենց Սերժ Սարգսյանը եղավ այն գաղափարի հեղինակը, ըստ որի, Փաշինյանը թող ուղարկի իր որդուն Աշոտին Բաքու եւ փոխանակի հայ ռազմագերիների հետ։ Փաշինյանը այս գաղափարը շարունակեց, ու ըստ իր երեկվա խոսքի, նույնիսկ հանձնարարություն է տվել, որպեսզի առաջարկը պաշտոնապես ներկայացվի Բաքվին
- Քաղաքականապես ոչ այնքան հասուն եւ բարձր քաղաքական գիտակցություն չունեցող հասարակական շերտերի համար, որոնց վրա հիմնականում հիմնվում է Փաշինյանը, Աշոտ Փաշինյանին գերիների հետ փոխանակելու թեզը, ինչպես նաեւ երեկվա ձայնագրություն-բացահայտումը բավականին դրական էմոցիաներ առաջացրեցին Նիկոլ Փաշինյանի հանդեպ։ Այս առումով՝ արձանագրենք, Սերժ Սարգսյանը բավական լուրջ լավություն արեց Նիկոլ Փաշինյանին, թեկուզեւ խիստ կարճաժամկետ էֆեկտով
- Մյուս կողմից, Սերժ Սարգսյանը երեկ նախազգուշական կրակոց արձակեց, թեեւ էլի ենք կրկնում՝ շարժառիթները խիստ տարօրինակ էին։ Այնպես չէ, որ «կազինոների» եւ այլնի մասին հերյուրանքների մասին Սերժ Սարգսյանը հենց Նիկոլ Փաշինյանի շուրթերից առաջին անգամն էր իմանում, ու այս իմաստով նրա անակնկալ բորբոքվելն ու բացահայտումների խոստում տալը, ու ապա՝ դա անելը չափազանց տարօրինակ էր։
- Բայց եւ, Սերժ Սարգսյանն հավատարիմ իր ոճին, կարծես թե հերթական շախմատային պարտիան է խաղում, որտեղ ի դեպ տախտակի հակառակ կողմում նստածը Նիկոլ Փաշինյանը չէ։ Ավելին, Փաշինյանն այս դեպքում սովորական զինվորիկի կարգավիճակ ունի Սերժ Սարգսյանի համար։
- Սա անձերի պայքար կամ բախում չէ հանուն իշխանության, այլ աշխարհայացքների․ աշխարհընկալումների, ապագայի տեսլականի պայքար է։
- Ի դեպ, չբացառենք, որ ի սկզբանե Սերժ Սարգսյանն այլ բան է ուզել բացահայտել, սակայն հետո մտքափոխվել է եւ այս ոչ այնքան «սուր ատամներ» ունեցող ձայնագրությունն է որոշել նետել ասպարեզ։