Ես արդեն մի քանի ահազանգ եմ ստացել՝ մարդկանց համոզում են, որ չընտրեն «Հայաստան» դաշինքին: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ, Դաշինքի անդամ Վահե Հակոբյանը:
«Ոստիկանության աշխատակիցները այցելել են Սյունիքի մարզի Արծվանիկ համայնք: Մտնելով բոլոր տները՝ փորձել են բացատրել, որ եթե «Հայաստան» դաշինքը գա իշխանության, նրանք կզրկվեն նպաստներից»,- ասաց Վահե Հակոբյանը:
Նա նշեց՝ Սյունիքի մարզպետը սպառնում է որոշ համայնքների դպրոցի տնօրեններին, որպեսզի արտահերթ խորհրդարանական ընտրություններում չքվեարկեն «Հայաստան» դաշինքի օգտին:
«Ես ստացել եմ նաև երկրորդ ահազանգը, որ Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը սպառնում է դպրոցի տնօրեններին, մասնավորապես Ծավ համայնքի դպրոցի տնօրենին է սպառնացել, որ եթե չքվեարկեն հունիսի 20-ին այնպես, ինչպես իրենք են ուզում, կլինեն լուրջ հետևանքներ և՛ տնօրենի, և՛ ուսուցիչների համար»,- նշեց նա:
Վահե Հակոբյանը նաև անդրադարձավ Գլխավոր դատախազի այլելությանը Սյունիք և հորդորեց ՀՀ գլխավոր դատախազին, ոստիկանապետին և ԱԱԾ ղեկավարին, որ նրանք զբաղվեն իրենց իրական գործունեությամբ, և բազմաթիվ խախտումները, որոնք առկա են վարչական ռեսուրսի օգտագործման մեջ, այդ հարցերը կանխեն:
«Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գալիս է Սյունիք երկուշաբթի օրը և հավաքում ուժային համակարգի ներկայացուցիչներին, խոշոր բիզնեսի ներկայացուցիչներից մեկին և ՏԻՄ-ի ղեկավարին, մասնավորապես՝ Կապանի խոշորացված համայնքի ղեկավարին և այնտեղ ասում է, որ պետք է զգույշ լինել, չգնալ սադրանքների և նմանատիպ բաներ»,- ասաց Վահե Հակոբյանը:
Նա նաև նշեց՝ այս հարցի շրջանակներում նրանք փորձել են պարզաբանումներ ստանալ, թե ինչու է գլխավոր դատախազը կատարում գործողություններ, որոնք չեն մտնում նրա լիազորությունների մեջ:
«Նա Հանրային հեռուստաընկերության եթերով ինձ պատասխանում է, որ դա հանցագործությունը կանխարգելիչ նպատակ էր կրում, բայց Սահմանադրության մեջ հստակ ֆիքսված են դատախազության լիազորությունները ու այնտեղ չկա կանխարգելիչ որևէ լիազորություն: Կամ գլխավոր դատախազը ոչ կոմպետենտ է, կամ հերթական անգամ փորձում է մոլորության մեջ մտցնել հանրությանը»,- նշեց նա: