Երգչուհի-դիզայներ Անահիտ Սիմոնյանը երեկ նոր տեսահոլովակ է ներկայացրել: Այն նկարահանվել է ռուսալեզու՝ «Я убью свою любовь к тебе» երգի հիման վրա: Տեւական դադարից հետո երաժշտական նորությամբ հանդես եկած երգչուհին դժվարացավ նշել, թե ինչու է հենց տվյալ երգն ընտրել տեսահոլովակի նկարահանման համար. «Պարզապես այն թարմ էր, եւ որոշեցի ներկայացնել իմ լսարանին»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց նա:
Տեսահոլովակի նկարահանումները տեղի են ունեցել Սեւանի ափին: Անահիտի խոսքով՝ այն նկարել են ընդամենը մի քանի ժամում: Օպերատորը Էդգար Մեսրոպյանն է:
Անդրադառնալով երաժշտական մյուս նորություններին՝ երգչուհին հավելեց.
«Ունեմ նոր երգեր, փակագծերը դեռեւս չեմ բացի, բայց շուտով դրանք էլ կներկայացնեմ իմ հանդիսատեսին: Դեռ չեմ կողմնորոշվել, թե որ երգը կունենա տեսահոլովակ, բայց պարբերաբար ինձանից կտեսնեք նորություններ:
Այժմ Անահիտն ավելի շատ աշխատում է իր նորաձեւության տան շուրջ. «Ունեմ նաեւ նոր նախագիծ, որն արագ սննդի կետ է ներկայացնում: Մեկ տարի աշխատել ենք դրա շուրջ, բայց հիմա վերափոխել ենք այն, եւ պատրաստվում ենք նոր շնչով ներկայանալ»,-նշեց նա: