Ռուսաստանցի մեկնաբան Միխայիլ Մոսակովսկուն թույլ չեն տվել մուտք գործել Ադրբեջան` Բաքվում կայանալիք Եվրո-2020-ի խաղերին` անկախ նրա հավատարմագրման առկայությունից։ Այս մասին լրագրողը հայտնել է իր տելեգրամյան ալիքում։
Ադրբեջանական սահմանին Մոսակովսկուն թույլ չեն տվել անցնել և հաջորդ չվերթով հետ են ուղարկել Ռուսաստան։ Մոսակովսկին նշում է, որ չգիտի տեղի ունեցածի պատճառների մասին, քանի որ սահմանապահներն իր հարցերին չեն պատասխանել։
«Նրանց ուշադրությունը գրավեց անձնագրում Հայաստանի կնիքը։ Խնդրեցին սպասել։ Այնուհետև ուղեկցեցին դեպի Մոսկվա մեկնող չվերթի մուտքի մոտ։ Որևէ հարցի չեն պատասխանել», – գրել է լրագրողը։
Մոսակովսկին նշել է, որ եղել է Արցախում մի քանի տարի առաջ ֆուտբոլային մրցաշարի մասնակցելու նպատակով։ Սակայն նա վստահ չէ, որ հենց դա է եղել մուտքը մերժելու պատճառը։
«Եթե պատճառը դա է, այլ ոչ թե նախանցած տարվա հայկական կնիքը, ապա ադրբեջանցի սահմանապահներին հարցեր չունեմ։ Հարցեր ունեմ կազմկոմիտեին։ Հավատարմագրման համար բոլոր հայտերը ստուգում են ուժայինները»,– գրել է նա։