«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը քարոզարշավի 6-րդ օրն սկսեց Շիրակի մարզում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը տարբեր համայնքներում բնակիչների հետ հանդիպմանը, անդրադառնալով գործող իշխանություններին նշեց, որ իշխանությունները ձախողել են տարբեր ոլորտներում:
«Մենք պետք է պայքարենք մեր արժեհամակարգի համար: Մենք հիմա չենք կարող ձեզ սարեր խոստանալ, չենք կարող ասել, թե ձեր վարկերը կփակենք, արագաչափերը կվերացնենք: Մենք կարող ենք ասել, որ դուք ունեք արժեհամակարգի պաշտպան, և ձեզ հետ միասին կնստենք ու այդ խնդիրները կլուծենք»,-ասաց Արա Զոհրաբյանը:
Կուսակցության ներկայացուցիչներն իրենց ելույթներում անընդունելի համարեցին հասարակության պառակտվածությունը, միմյանց հանդեպ թշնամանքը: Եվ դա խանգարեց վերջին պատերազմի ելքը որոշելու հարցում: Նրանք կոչ արեցին ազգային շահերից շարժվող քաղաքական ուժերին ուշադրության կենտրոնում պահել: Կուսակցությունն առաջնահերթություն է համարում հասարակության համախմբումն՝ ընդգծելով, որ այս պառակտվածությունը Հայաստանի շահերից չի բխում, ավելին՝ ջուր է լցնում թշնամու ջրաղացի վրա: Նրանք ընդգծեցին՝ երկիրը հզոր է իր գյուղերով: