Պատերազմի ավարտից հետո պաշտոնական Բաքուն շարունակաբար պնդում է, որ Արցախի Հանրապետությունը չպետք է ունենա սեփական Զինված ուժեր։ «Թող չմոռանան 44-օրյա պատերազմի մասին։ Կամ նրանք պատրաստվում են բանակ կառուցել և հողեր վերադարձնել։ Թող փորձեն», – հունվարին Շուշիում հայտարարում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` սպառնալով «ադրբեջանական երկաթյա բռունցքով»։
Այս հայտարարությունից հետո իշխանական մեդիան տեղեկատվական արշավ սկսեց և բթացրեց հանրության մոտ խնդրի նկատմամբ հետաքրքրությունը: Հիմա արդեն շատ քչերին է հետաքրքրում Արցախի անվտանգությունը: Հայաստանում վստահ են, որ քանի դեռ ռուս խաղաղապահներն այնտեղ են, ապա Արցախի հայերը կարող են հանգիստ ապրել: Որևէ մեկը չի փորձում պատասխանել այն հարցին, թե ի՞նչ է լինելու,երբ ռուս խաղաղապահները Ադրբեջանի պահանջով հեռանան:
Ու մինչ Հայաստանի հանրությունը տարված է ներքաղաքական գզվրտոցներով՝ իշխանությունները Ալիևին տված խոստումը կյանքի են կոչում: Այս օրերին, ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները, Նիկոլ Փաշինյանի հրահանգով և Արայիկ Հարությունյանի լուռ համաձայնության ներքո վերանորոգման անվան տակ Արցախից դուրս է հանվում ՊԲ ծանր զինտեխնիկան: Այս տեղեկատվությունը Politik.am-ի հետ զրույցում հաստատել է նաև Արցախ24.ինֆո լրատվական կայքի խմբագիր Մարատ Եգանյանը:
Տեղեկություններ կան, որ Ադրբեջանը վերջնագիր է ներկայացրել և ամեն բան արել է, որպեսզի մինչև Թուրքիայի նախագահ Էրդողանի Շուշի կատարած այցը ծանր զինտեխնիկան հանվի Արցախից: Փաշինյանը շտապել է կյանքի կոչել Ալիևի հրահանգը:
Այս գործընթացն, ըստ էության, Արցախի բանակի կազմալուծման առաջին քայլերից է: Նիկոլ Փաշինյանն իր այս քայլով ցույց է տալիս, որ Արցախը ճանաչում է, որպես Ադրբեջանի մաս և տեղի հայ բնակչությանը զինաթափում է, որպեսզի չկարողանան դիմադրել, երբ Արցախի ամբողջ իշխանությունը պաշտոնապես հանձնվի Ադրբջանին: