Մուրճով գանգեր ջարդելու մասին խոսել՝ անգամ երիտթուրքերն իրենց թույլ չէին տալիս. hraparak.am
Advertisement 1000 x 90

Մուրճով գանգեր ջարդելու մասին խոսել՝ անգամ երիտթուրքերն իրենց թույլ չէին տալիս. hraparak.am

Հարցազրույց Վ․ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր, քաղաքագետ Սուրեն Զոլյանի հետ

– Պարոն Զոլյան, հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների քարոզարշավը մոտենում է ավարտին, ինչպե՞ս կբնութագրեք քարոզարշավի ընթացքը, եւ այն ի՞նչ կանխատեսումների հիմք է տալիս՝ հիմնական մրցակից ուժերից ով ինչ շահեց, ինչ կորցրեց, արդյոք այս ընտրություններով կհանգուցալուծվի՞ Հայաստանում ստեղծված ճգնաժամը։

– Ակնհայտ է, որ «Հայաստան» դաշինքն առաջ է անցել եւ բավականին լուրջ նախադրյալներ ունի հաղթանակի համար։ Եվ հակառակը՝ նրան հակադրվող «Քաղաքացիական պայմանագիրը» ոչ մի ձեւով չի երեւում, բացի նրա ղեկավարի անթույլատրելի պահվածքից, որն ավելի շատ հանդես է գալիս որպես ջարդարար, ոչ թե որպես քաղաքական գործիչ։ Գիտեք՝ մուրճով գանգեր ջարդելու մասին խոսել անգամ երիտթուրքերն իրենց թույլ չէին տալիս, անում էին, բայց գոնե չէին խոսում այդ մասին։ Համենայնդեպս, Թալեաթը Գրիգոր Զոհրապի գլուխը քարերով ջարդելու հրամանը գաղտնի է պահել եւ հրապարակավ այդ մասին չէր խոսում։ Սա չափազանց վտանգավոր երեւույթ է, երբ նման խոսքը հասարակության մեջ ոչ քիչ մարդկանց դուր է գալիս, սա պարզապես սարսափելի է, սա նշանակում է, որ մեր հասարակության մեջ նման ելույթներ լսելու պահանջ կա, ես այս առումով մտավախություններ ունեմ հետագա զարգացումների համար։

– Ոմանք քաղաքացիական պատերազմի վտանգ են տեսնում, Նիկոլ Փաշինյանն ինքն էլ ուղիղ հայտարարեց, որ քաղաքացիական, քաղաքական վենդետաներ են լինելու։

– Ես էլ եմ կանխատեսում, որովհետեւ ամեն ինչ դրան է տանում, ու պետք է շատ սթափ գործողություններ լինեն, այդ կոչերին ակտիվ հակազդեցություն լինի։

– Դուք մտածում եք, որ Նիկոլ Փաշինյանը, ով պատերազմից հետո ոչ մի հայտարարությունից չազդվեց, կազդվի՞ դատապարտող հայտարարություններից։ Չե՞ք կարծում, որ նա ամեն ինչ կանի՝ իր սցենարը կյանքի կոչելու համար։

– Գիտեք, սա անհասկանալի վիճակ է, եթե մուրճով մի խուժան քայլեր փողոցով եւ սպառնար, ոստիկանությունն անմիջապես կկանխեր այդ ամենը, բայց շատ անհասկանալի ու աննորմալ վիճակ է, որ երբ ինքն է մուրճով քայլում ու սպառնում, ոստիկանները մի բան էլ նրան են պաշտպանում։

– Ձեր խոսքի սկզբում ասացիք՝ «Հայաստան» դաշինքն առաջ է անցել իշխանությունից․ ի՞նչ հիմք ունեք՝ հարցումների՞ն եք հղում անում։

– Ե՛վ մթնոլորտն է հուշում, ե՛ւ իրենց կազմակերպած քարոզարշավը, երբ տեսնում ես, թե ինչպես են իրենք քարոզարշավ իրականացնում։

– Իսկ ապագա խորհրդարանում ո՞ր ուժերին եք տեսնում, անցողիկ շեմն ո՞վ կհաղթահարի։

– Խիստ բեւեռացում է գնում, մարդիկ հասկանում են, որ եթե անգամ համակրում են որեւէ ուժի, բայց գիտակցում են, որ այն կարող է չանցնել, կողմնորոշվում են ամենաազդեցիկի կողմը։ Եվ սա շատ քիչ շանս է թողնում անգամ այնպիսի ազդեցիկ ուժերի համար, որպիսիք «Բարգավաճն» է, «Պատիվ ունեմ»-ը։

– Հետընտրական ինչպիսի՞ զարգացումներ եք կանխատեսում։

– Գիտեք, եթե հանրությունը ճանաչի եւ ինչ-որ ձեւով ցույց տա, որ թույլ չի տալու այդ արդյունքները կասկածի տակ դնել, դա, իհարկե, սթափեցնող դեր կունենա, եթե ոչ, ամեն մեկը հօգուտ իրեն հայտարարությունով հանդես գա, ապա կգնան երկրորդ փուլի՝ ավելի մեծ անորոշության։ Իշխանությունը հույսեր ունի մի 30 տոկոս հավաքելու, բայց, բնականաբար, փորձ կանի դա ներկայացնել 50 տոկոս…

Ամբողջությամբ՝ hraparak.am



Նման նյութեր