Ներկայացնում եմ իշխանությունների կողմից պետական հնարավորությունների անօրինական օգտագործման ամբողջ համակարգը. Ա.Գևորգյան
Advertisement 1000 x 90

Ներկայացնում եմ իշխանությունների կողմից պետական հնարավորությունների անօրինական օգտագործման ամբողջ համակարգը. Ա.Գևորգյան

«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի պետ, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ներկայացրել է ընտրական գործընթացում առավելություն ստանալու նպատակով իշխանությունների կողմից իրենց տիրապետած պետական հնարավորությունների անօրինական օգտագործման ամբողջ համակարգը:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ.

«Բարի օր, Հայաստան:

Միանգամայն կանխատեսելի էր, որ պատերազմը պարտված անձը, որը մահվան է ուղարկել 5000 տղաների, ով խեղել է ավելի քան 10000 մարդու կյանք և չի հեռացել իշխանությունից, նաև ընտրական գործընթացը կազմակերպելու էր իր պատկերացումներին և ընկալումներին համապատասխան: Եվ այդ գործընթացը ոչ մի ընդհանուր բան չունի քաղաքակիրթ ընտրական գործընթացի կանոնների հետ: Հենց իշխանությունն ամեն գնով պահելու մղում ունեցողների հիվանդագին երևակայության մեջ կարող էր պետական-վարչական ռեսուրսի օգտագործման նման հատուկ համակարգ ուրվագծվել:

Ներկայացնում եմ ընտրական գործընթացում առավելություն ստանալու նպատակով իշխանությունների կողմից իրենց տիրապետած պետական հնարավորությունների անօրինական օգտագործման ամբողջ համակարգը:

  1. Անմիջականորեն ընտրություններից առաջ հիմնական կանոնների փոփոխությունները: Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները չեն ստորագրվել ՀՀ նախագահի կողմից, ինչն ամբողջ այս գործընթացի կիսալեգիտիմության խորհրդանիշ է արդեն:
  2. Ընդդիմախոսների դեմ իրավական ահաբեկման իրականացում.

– Քրեական գործերի հարուցում կամ նոր մեղադրանքներ ներկայացում,

– Ոստիկանության մարմիններ «բերման ենթարկելը» և բռնության գործադրումը,

– Անհասկանալի «բացատրական զրույցները» ուժային կառույցներում,

– Անվտանգության մարմիններում պետական ապարատի հետ «աշխատելու» նպատակով հատուկ խմբերի ձևավորում,

– Ընդդիմախոսներին լրտեսելը և հեռախոսների գաղտնալսումը։

  1. Վարչական ռեսուրս.

– Այլ կարծիք ունեցողների ազատում աշխատանքից,

– Նոմինալ իշխանության հանրահավաքներին պետծառայողներին մասնակցելու հարկադրում,

– Մանուկների, դպրոցականների, դեռահասների զանգվածային ներգրավում, շահագործում,

– Ահռելի քանակությամբ ոստիկանների և անվտանգության ուժերի ներկայացուցիչների ներգրավում՝ վարչապետի պաշտոնակատարի ապահովության համար:

  1. Պետական բյուջեի միջոցների օգտագործումը՝ նախընտրական նպատակներով.

– Անապահով ընտանիքներին նյութական, ֆինանսական օգնության տրամադրում,

– Բյուջետային նոր սուբսիդիաներ տրամադրելու վերաբերյալ խոստումներ,

– Ծառայություններ մատուցելու վերաբերյալ ժամանակավոր պայմանագրերի կնքում տարածքային կառավարման մարմիններում,

– Ընտրությունների նախօրեին գյուղական համայնքներին գյուղտեխնիկայի և այլ սարքավորումների տրամադրում:

  1. Հանրային հեռուստաընկերության կողմնակալ աշխատաոճը՝ բացահայտորեն վարչապետի պաշտոնակատարի նախընտրական շահերի սպասարկում:
  2. Քարոզարշավի ընթացքում վարչապետի պաշտոնակատարի ագրեսիվ և ոչ ադեկվատ պահվածքը, ելույթները, բռնության և քաղաքական ու քաղաքացիական վենդետաների կոչերը, զանգվածային կադրային ջարդի սպառնալիքը։

Եվ այս ամենը տեղի է ունենում լռելյայն համաձայնության պայմաններում մեր արտաքին գործընկերների, որոնցից յուրաքանչյուրի համար առանձին նշանակություն ունեն հայ ժողովրդի վրա կատարվող այս էքսպերիմենտի արդյունքները: Որոշները ցանկանում են հասկանալ, թե ինչը շտկեն տեխնոլոգիաներում՝ այս փորձը աշխարհում ավելի լայն ու էֆեկտիվ տարածելու համար, իսկ մյուսները մտածում են, թե ինչպես անեն, որ հանկարծ այն չհասնի իրենց երկրներ:

Բացառիկ խելահեղություն կլինի գնալ անօրինականության վերջին քայլին՝ կեղծել ընտրության արդյունքները։

Հայաստանը ունի բացառիկ շանս՝ հունիսի 21-ից սկսելու ներքին համերաշխության և ազգային վերելքի նոր էջ։

Դրա համար պահանջվում է, որ բոլորը վերադառնան օրենքի շրջանակներ, ցուցաբերեն քաղաքական և քաղաքացիական սթափություն, իսկ իրավապահները մնան չեզոք և կատարեն բացառապես օրենքից բխող իրենց պարտականությունները։

 



Նման նյութեր