««5-րդ ալիքի» սիրելի թիմակիցներ, ձեր չարչարանքին ապաշխարանք: Դուք ավելի եք մոտեցնելու մեզ հաղթանակած Հայաստանին». Հարություն Հարությունյան
Advertisement 1000 x 90

««5-րդ ալիքի» սիրելի թիմակիցներ, ձեր չարչարանքին ապաշխարանք: Դուք ավելի եք մոտեցնելու մեզ հաղթանակած Հայաստանին». Հարություն Հարությունյան

Հարություն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից.

«ԵՍ ԱՐԴԵՆ ՀԱՂԹԵԼ ԵՄ, ՄԵՆՔ ՀԱՂԹԵԼ ԵՆՔ

2018-ի այս օրերին, ընկերոջիցս՝ Արմեն Թավադյանից առաջարկ ստացա ստանձնել «Արարատ» հեռուստաընկերության ղեկավարի պարտականությունները: Մինչ այդ, հեռացել էի Հանիրային հեռուստատեսությունից և որոշել՝ այլևս այդ ոլորտին չմոտենալ: Քսան տարի իմ՝ հեռուստատեսության ոլորտի հետ առնչությունը, բավարար էր, որ նման որոշում կայացնեի, բայց քանի, որ հեղափոխությույնը անխնա քանդեց-ավիրեց նաև այն միջավայրը, որը փազլի պես հատիկ-հատիկ հավաքել և վերակենդանացրել էինք Արտակ Հերիքյանի հետ, ինձ մեղավոր էի զգում այն երիտասարդ լրագրողների նկատմամբ, որոնց համոզել, բերել էինք հեռուստատեսություն և որոնք նույնպես անմասն չմնացին հեղափոխականների ցասումից:

Հիմա տեղին չէ, չեմ պատմի թե ինչերի միջով անցանք, ինչ հարվածների դիմակայեցինք, ինչ հերյուրանքներ, հայհոյանքներ, զրպատանքներ լսեցինք մեր հասցեին: ՄԻ ամբողջ ՊՈԱԿ-ի ֆաս հրահանգ էր տրված վարկաբեկել մեզ, հայհոյել, կոլաժներ սարքել, ֆեյսբուքներում տարածել և ճնշել, միայն նրա համար, որ զբաղվում էինք լրագրությամբ, ստեղծում էինք չքծնող կոնտենտ, որ տեսնում էինք և բարձրաձայնում էինք հեղափոխական իշխանությունների բացթողումներն ու լկտիությունները:

Ոչինչ չէինք հորինում, արձանագրում էինք փաստերը, ինչից նրանք ավելի էին կատաղում ու ավելի անհանդուրժող դառնում: Կարճ ժամանակ հետո, Մոնթեի ծննդյան օրը՝ Նոյեմբերի 25-ին, ռեբրենդինգից հետո եթերում հայտնվեց «5-րդ ալիքը»: Ճնշումը ավելի սաստկացավ: Հայհոյանքների տարափի տակ մենք շարունակեցինք աշխատել: Հեռուստատեսության կարկառուն ներկայացուցիչներից մեկը, մի տեղ ասել էր. «5-րդ ալիքը» այսօր հեռուստադաշտի լավագույն ալիքն է և եթե Քոչարյանին չլուսաբանեն իդեալական կգնահատեի այդ ալիքի աշխատանքը: Իսկ մենք լուսաբանում էինք և ոչ միայն՝ Քոչարյանի հետ կապված իրադարձությունները: Մենք անդրադառնում էինք բոլոր թեմաներին ինչին չէին անդրադառնում շատերը, կամ հիմնականում շատերը: Հետո սկսվեցին ճնշումները, տուգանքներ, բողոքներ, զանգեր, կոպիտ խոսակցություններ և մի գեղեցիկ օր ձերբակալեցին հեռուստաընկերության սեփականատիրոջը՝ Արմեն Թավադյանին: Ձերբակալեցին ստորությամբ, գործընկեր համարվող մի լրատվականի սուտ մատնության ռեպորտաժի հիմքով: Նպատակը մեկն էր՝ կոտրել մեր կամքը, քանդել հեռուստաընկերությունը, կամ այն ենթարկեցնել հեղափոխական առաջնորդի ցանկություններին: Փառք Աստծո, դիմացանք բոլոր տեսակի ճնշումներին և չլռեցինք, չստեցինք ինչպես իրենք էին ցանկանում: Բայց եկավ մի պահ, երբ ստելը պարտադրվեց օրենքով: 44 օր մենք պարտադրված սպասարկում էինք պաշտոնական ստին , փորձելով այդ ստի մեջ, որևէ ձև ցույց տալ իրականությունը: Հիշում եք, թե ինչ հարձակման արժանացանք ԱԺ իմքայլական պատգամավորների կողմից: Դրան էլ դիմացանք:

Երեք տարի շարունակ, ոչ մի մասնագիտական համարվող կառույցի կողմից չստացանք բարոյական աջակցություն, բայցառությամբ ՄԻՊ-ի: Մեր բազմաթիվ բանավոր դիմումներին, համառորեն լռություն էին պահպանում միջազգային կազմակերպությունները և Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կառույցների ղեկավարները: Բայց մեր աշխատամքի արդյունքում վերջապես սառույց կոտրվեց և այն կոտրվեց Հայաստանի ժուռնալիստների միության միջամտության շնորհիվ:

Երեք տարի տառապել եմ, չեմ քնել, կուլ եմ տվել այն բոլոր վիարավորանքները, որ հնչել է իմ և ընտանիքիս հասցեին, իմ գործընկերների հասցեին, բայց ատամներս կռճացնելով , լեզուս կծելով, բերանս փակելով աշխատել եմ, որ իմ հետ աշխատող երիտասարդների ոգին չկոտրվի, որ նրանք չհիասթափվեն իրենց ընտրած մասնագիտությունից, որ հասկանան իրենց մասնագիտությունը բժիշկի մասնագիտությունից շատ տարբեր չէ:

Երեք տարի շարունակ ամեն ինչ արել ենք, որ մեր լրագրողների գրչի ծայրից թույն չթափվի և չդառնան գրչակ- մարդասպաններ: Գոհ եմ Աստծուց, մեր թիմում չկան պատեհապաշտներ, չկան քծնողներ, չկան ծախու գրչակներ: Սա ամենամեծ հաղթանակն է, որ ես ունեմ և այսօր ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ՝ արդեն ոչ թե գործընկերներից, այլ հարազատ դարձած քույրերից և եղբայրներից: Ուզում եմ ասեմ, որ ես հաղթել եմ, որովհետև դուք եք հաղթել: Դուք դեռ հաղթելու եք ավելի մեծ «ճակատամարտերում», որովհետև դուք զգում եք Հայաստանի զարկերակը բոլորից լավ և հենց այս պահին ձեզանից ոչ ոք, դիմում չի գրում գլուխը ազատելու համար , ինչպես դա անում են մյուս հիմնարկներում:

Ճիշտը հիվանդանում է, բայց վերջնաարդյունքում միշտ հաղթանակած է դուրս գալիս: Ճշմարտությունը առանց տառապանքի, առանց չարչարանքի չի լինում:

«5-րդ ալիքի» սիրելի թիմակիցներ, ձեր չարչարանքին ապաշխարանք: Դուք ամենալավն եք, դուք հզոր եք, դուք հաղթանակած եք: Դուք ավելի եք մոտեցնելու մեզ հաղթանակած Հայաստանին և ես, այսօր երախտապարտ եմ իմ ճակատագրին, շնորհակալ՝ Բարձրյալին, որ մենք իրար հետ ենք ու դեռ իրարով ապրելու ենք երջանիկ ու մեր երազած ուժեղ Հայաստանում»:

 



Նման նյութեր