Ռուսական Свободная Пресса կայքն անդրադարձել է այսօր ՀՀ-ում մեկնարկած արտահերթ խորհրդարանական ընտրություններին` ներկայացնելով փորձագիտական կարծիքներ:
«Եթե ընտրությունների արդյունքում հաղթի Նիկոլ Փաշինյանի դաշինքը, հայ հասարակության ճգնաժամը կշարունակվի ու կխորանա, կասկածի տակ կդրվի Հայաստանի պետականությունը որպես այդպիսին: Փաշինյանը չի հրաժարվի դեպի Արևմուտք կողմնորոշումից, ինչը կնշանակի Հայաստանում ապակառուցողական միտումների աճ: Երկրում ներքաղաքական իրավիճակը կվատթարանա, և այն կբարդանա արտաքին քաղաքական սադրանքներով՝ Հայաստանի համար բոլոր առավել անկանխատեսելի հետևանքներով: Եթե Քոչարյանի դաշինքը հաղթի, երկրում կսկսվի կառավարության նոր տիպի ձևավորումը` պրագմատիկ և կենտրոնացած ՀՀ-ում պետականության ամրապնդման վրա` միաժամանակ Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև ավելի պատասխանատու հարաբերություններ ձևավորելով»,-ասել է ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը:
Խոսելով ընտրություններում «ռուսական խաղաքարտի» մասին` Լեպյոխինն ասել է, որ այն առանցքային է այս ընտրություններում:
«Հայաստանը խստորեն բաժանված է Արևմուտքի կողմնակիցների և Ռուսաստանի հետ փափուկ կամ կայուն դաշինքի կողմնակիցների: Վացենյան-Սարգսյան դաշինքի առաջնորդները Ռուսաստանի Դաշնության հետ «փափուկ» դաշինքի կողմնակիցներ են: Այնուամենայնիվ, պետք է հասկանալ, որ այսօր Անկարայի և Բաքվի միջև Շուշիի համաձայնագրի ստորագրումից հետո ՀՀ և Ռուսաստանի Դաշնության հարաբերությունների ամրապնդման «փափուկ» տարբերակն այլևս բավարար չէ: Երկու ամիս առաջ, ՀՀ պաշտպանության նախարարի հետ հանդիպումից հետո, ես Երևանում բարձրաձայնել եմ Հայաստանի և Ռուսաստանի կողմից նոր ռազմական դաշինք կազմելու հայեցակարգը: Ցավոք, ո՛չ Փաշինյանը, ո՛չ էլ նրա հակառակորդները չսկսեցին մշակել այս թեզը, բայց Էրդողանն ու Ալիևը, փաստորեն, դա լսեցին և վերջերս փաստորեն կնքեցին նոր ռազմական դաշինք»,-ասել է Լեպյոխինը:
Ֆինանսական համալսարանի դոցենտ Գևորգ Միրզայանի կանխատեսմամբ` Վանեցյան-Սարգսյան դաշինքը խորհրդարան կանցնի, սակայն նրանք միայնակ կառավարություն կազմելու հնարավորություն չեն ունենա:
«Հավանական է, որ նրանք կոալիցիա կազմեն Ռոբերտ Քոչարյանի հետ: Այժմ նրանց խնդիրն է առավելագույն ձայներ հավաքել, որպեսզի ավելացնեն իրենց կշիռն այս կոալիցիայում»,-նշել է նա: