Միջազգային դիտորդներն անպատասխան են թողել ներկայացրած խախտումները․ «Հայաստան» դաշինք
Advertisement 1000 x 90

Միջազգային դիտորդներն անպատասխան են թողել ներկայացրած խախտումները․ «Հայաստան» դաշինք

Միջազգային դիտորդներն անպատասխան են թողել «Հայաստան» դաշինքի կողմից բարձրացված մտահոգությունները և ներկայացրած ընտրական խախտումները։ Այս մասին տեղեկացնում է դաշինքը Facebook-ի իր էջում։

««Հայաստան» դաշինքը պարբերաբար լուրջ մտահոգություններ է ներկայացրել միջազգային հանրությանը նախընտրական արշավի ընթացքում իշխող ուժի կողմից համակարգային խախտումների վերաբերյալ: Դաշինքը նաև համոզիչ ապացույցներ է տրամադրել ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդական առաքելությանը և Հայաստանում գործող այլ օտարերկրյա առաքելությունների: Խախտումները ներառում էին պաշտոնական դիրքի չարաշահում, վարչական ռեսուրսների չարաշահում, ատելության խոսքի տարածում, քրեական արդարադատության չարաշահումներ և այլն: 2021 թվականի խորհրդարանական ընտրությունները հակասում են 1990 թվականի Կոպենհագենի փաստաթղթով ամրագրված սկզբունքներին, ինչպես նաև այլ միջազգային պարտավորություններին», – նշվում է հայտարարության մեջ։

Ասվում է, որ ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունների կողմից մտահոգությունները մնացել են անպատասխան։

«Ակնհայտ է, որ միջազգային դիտորդներին չի հաջողվել պահպանել անկողմնակալության և անկախության նվազագույն պահանջները։ Միջազգային դիտորդները չպետք է լոկ դակիչ լինեն Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի» համար», – ասվում է դաշինքի հայտարարության մեջ։

Նշվում է, որ այս ընտրությունների արդյունքները փաստում են, որ հասարակության հավատն ընտրական այս գործընթացի նկատմամբ խարխլվել է խոշոր հակասությունների պատճառով, որոնք ավելի են ընդգծում հրատապ փոփոխությունների անհրաժեշտությունը:

«Զարմանալի չէ, որ շատ ընտրողներ մտահոգված են ընտրությունների լեգիտիմությամբ և դրանց արդյունքների ճշգրտությամբ։ Ընտրական գործընթացների նկատմամբ հասարակության վստահությունը կարևոր նշանակություն ունի ընտրություններին մասնակցության և դրա արդյունքների ընդունման ապահովման տեսանկյունից: Սա խիստ կարևոր է, երբ ընտրությունները տեղի են ունենում այնպիսի բարդ պայմաններում, ինչպիսին է Լեռնային Ղարաբաղի 2020 թվականի պատերազմը, հատկապես երբ գրանցվում են քաղաքական բևեռացման նման բարձր մակարդակներ», – ասվում է հայտարարության մեջ։

Նշենք, որ «Հայաստան» դաշինքը հայտարարել է, որ հրաժարվում է ընդունել ընտրությունների արդյունքները և նախատեսում է դրանք բողոքարկել Հայաստանի Սահմանադրական դատարանում:

Հիշեցնենք` հունիսի 20–ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդրանական ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 687 251 քվե (53.92%), «Հայաստան» դաշինքը՝ 268 165 (21.04%), «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66 633 (5.23%), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 50 419 (3.95), «Հանրապետություն» կուսակցությունը՝ 38 713 (3,04), «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 19 674 (1.54), «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 15 557 (1.22)։

armeniasputnik.am



Նման նյութեր