«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանն այսօր դատարանի բակում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հոր վիրահատության մասին մանրամասներ ներկայացրեց։
«Ես, որ արձակուրդ եմ վերցնում, դա չի նշանակում, որ բարոյական իրավունք ունեմ մասնագիտական արձակուրդի մեջ գտնվել։ Եթե դուրս չեմ հանրապետությունից, իմացեք, որտեղ էլ ուզում է լինեմ, ինձ գտնում են, բերում են, ես բուժօգնությունը ցույց եմ տալիս։ Այդպես եղավ ինձ համար շատ հարգված Մհեր Խաչատրյանի՝ Սասուն Խաչատրյանի հոր հետ, երբ ես արձակուրդում էի՝ Դիլիջանում, սեպտեմբերի վեցն էր, ինձ զանգեցին, ասացին էսպիսի դեպք կա, ես հաճույքով թողեցի իմ ընտանիքը, եկա, պատրաստեցինք ամեն ինչ, վիրահատեցի ինքս ու հետ վերադարձա», – պատմեց պրոֆեսոր Չարչյանը։
Նա մեկ այլ դեպքի մասին էլ պատմեց։
«Պայմանավորված հիվանդ կար այսօր, ով ցանկանում էր երկար չտևի իր տառապանքները, որ ես մասնակցեմ վիրահատությանը, բայց իմ հոգեվիճակը թույլ չտվեց ես գնամ վիրահատության, հետաձգեցի այդ վիրահատությունը, որովհետև վախեցա, որ այս հոգեվիճակով որոշակի սխալ թույլ կտամ, դրա համար չարեցի, սա փաստում է նաև, որ այս քաղաքական տեռորն ուղղակի ազդում է ՀՀ քաղաքացու առողջության վրա», – ասաց Արմեն Չարչյանը։
Երեկ Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել Արմեն Չարչյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Քննիչը որոշում է կայացրել Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն հարուցելու մասին։
Հիշեցնենք՝ համացանցում ձայնագրություն էր տարածվել, որում Արմեն Չարչյանը ԲԿ-ի աշխատակիցներին կոչ էր անում պարտադիր մասնակցել ընտրություններին։ Արմեն Չարչյանը ձերբակալվել էր, ապա ազատ արձակվել։
Մայր Աթոռ-ն անդրադարձել էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանի ձերբակալությանը՝ իրավապահ մարմիններին հորդորելով անհապաղ ազատ արձակել պրոֆեսոր Չարչյանին։
Արմեն Չարչյանին ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ դատախազը միջնորդություն էր ներկայացրել ԿԸՀ։