Ի՞նչ կա Քոչարյանի մտքում, որ փողոցային պայքարից հրաժարվել է, և ինչ կապ ունի Մոսկվան. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Ի՞նչ կա Քոչարյանի մտքում, որ փողոցային պայքարից հրաժարվել է, և ինչ կապ ունի Մոսկվան. armeniasputnik.am

Նախօրեին հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանի արած երկխոսության առաջարկն ուղղված էր նաև խորհրդարան անցած քաղաքական ուժերին` «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների առաջնորդներին, բայց թե այդ համագործակցությունն ինչ ձևաչափով և ինչ օրակարգով է պատրաստվում իրագործել` դժվար է ասել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Նրա խոսքով` հայհոյախառն արտահայտություններով և կոշտ մեղադրանքներով ուղեկցված քարոզարշավից հետո հետընտրական ցնցումներ չեղան արտաքին գործոնի, մասնավորապես Մոսկվայի ազդեցությամբ։ Չնայած հակադրություններին` Փաշինյանի և Քոչարյանի միջև որոշակի համագործակցությունը Սուրենյանցը չի բացառում։

«Իրականությունն այն է, որ Հայաստանի թե՛ այսօրվա իշխանությունը, թե՛ հիմնական ընդդիմադիր ուժը` Ռոբերտ Քոչարյանի թիմը, սերտորեն կապված են Մոսկվայի հետ և մի բացառեք, որ նրանց որոշակի համագործակցության, նույնիսկ գուցե անհավանական է թվում ասածս, կոալիցիայի մղի հենց Մոսկվան»,- ասաց նա։

Քաղաքագետի կարծիքով` կարելի է ասել, որ ՀՀ երկրորդ նախագահն ինչ-որ տեղ ընդունում է ընտրությունների արդյունքները և չի պատրաստվում անզիջում պայքար սկսել գրանցված արդյունքների դեմ, չնայած այդ մասին ուղիղ չի ասել։

«Սա նշանակում է` որոշակի համակեցության Քոչարյանը պատրաստ է, հակառակ դեպքում նա իր կողմնակիցներին կհրավիրեր հրապարակներ, փողոցներ։ Եթե «Հայաստան» դաշինքը պայքարի այս գործիքակազմից հրաժարվել է, ուրեմն Քոչարյանը նաև այդպիսի սցենար մտքում ունի»,- նշեց նա։

Երկու հակադիր բևեռների համագործակցությունը, ըստ Սուրենյանցի, հնարավորություն կտա հետագա հնարավոր ցնցումներից խուսափել, երկրում կայունություն հաստատել,  ինչը տարածաշրջանային ծրագրեր իրականացնելու ճանապարհին առաջին հերթին ձեռնտու է հենց պաշտոնական Մոսկվային։

Հիշեցնենք` հունիսի 21-ին Երևանի Հանրապետության հրապարակում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ հունիսի 22–ից սկսում է խորհրդակցություններ քաղաքական այն առողջ ուժերի հետ, որոնք հակված են երկխոսության։ Փաշինյանն ասել էր` ձեռք է մեկնում այն ուժերին, ում հետ հակասություններ ունեն։

Ի պատասխան Փաշինյանի` այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ Փաշինյանի մեկնած ձեռքը չի նկատել։

armeniasputnik.am