«Հայաստան» դաշինքը դեռ որոշում չունի՝ կվերցնի պատգամավորական մանդատները, թե ոչ: Գլխավոր դաախազության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց դաշինքի առաջնորդներից «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։
Նա նշեց, որ իրենք անպայման դիմելու են Սահմանադրական դատարան, քանի որ քվեարկության ժամանակ կատարվել են բազմաթիվ խախտումներ, հիմնականում օգտագործվել է վարչական ռեսուրսը: Նրա խոսքով, իրենց որոշումները կախված կլինեն ՍԴ-ի որոշումներից, հետագա իրադարձություններից:
«Մեր խորին համոզմամբ, իշխող կուսակցությունն արկղերի մեջ 30 տոկոսից ավելի ձայն չի ունեցել»,- նշեց նա:
Խոսելով Սյունիքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած ցուցանիշից, Վահե Հակոբյանն ասաց. «Մեր տվյալներով, այնտեղ քվեարկել է շուրջ 15 հազար զինվորական: Դե հիմա այդ թիվը հանեք ու կտեսնեք, թե ինչ ցուցանիշ է դառնում Սյունիքում: Իրենց համար Սյունիքը սկզբունքային հարց էր, որ անպայման պետք է տանեին հաղթանակ: Եվ այնտեղ իրենք ուղղորդել են: Տեղեկություններ ունեմ, որ անգամ Էջմիածնից Մեղրի են տարել զինվորների՝ քվեարկելու համար: Ընդ որում, նույն զինվորները քվեարկել են մի քանի ընտրատարածքներում: Մենք հավաքագրում ենք, խմբավորում ենք խախտումները, որոնք շատ-շատ են, մոտ օրերը կդիմենք ՍԴ, ԿԸՀ»:
Պատասխանելով հարցին՝ մամուլում տեղեկություններ կան, որ քոչարյանական թևն է հրաժարվել մանդատից, սակայն «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը մանդատները կստանա, Վահե Հակոբյանն ասաց. «Հիմա շատ ցածր մակարդակի խոսակցություններ եք բարձրաձայնում, մենք մի ուժ ենք, ցանկացած որոշում ընդունում ենք միասին, ցանկացած որոշում լինելու է միասնական»:
Հարցին՝ տեղյա՞կ է, որ վարչապետի թեկնածուն համագործակցության առաջարկներ է անում, «Հայաստան» դաշինքը նման առաջարկ ստացե՞լ է, նա նշեց. «Աստված չանի իր կողմից մենք ստանանք առաջարկ: Ինքը մեզ համար, նաև ազգի, դիտարկվում է որպես թշնամի»:
Վ.Հակոբյանի գնահատմամբ, այն քաղաքական ուժերը, որոնք այս օրերին գնացել ու խոսել են վարչապետի թեկնածուի հետ, դա քաղաքական անբարոյականություն է: