«Արբակը Հայաստանն է». Վահրամ Թոքմաջյան
Advertisement 1000 x 90

«Արբակը Հայաստանն է». Վահրամ Թոքմաջյան

Վահրամ Թոքմաջյանի ֆեյսբուքյան էջից.

«Հայաստանը ծորալու չափ սիրելու երկիր է։ Թամբեք ձեր կամ ընկերոջ մեքենան ու սուրացեք անկանոն ուղղությամբ։ Թողեք, որ Հայաստանը պարզապես ձեզ սիրի։ Փախեք ձեր քաղաքներից, միանման դեմքերից, շոկոլադ ծորացող աչոններից ու թրաշի վրա առավել ջանք գործադրող պարոններից։ Պարզապես սուրացեք հեռու։

Անէացեք ու լացեք Հայաստանի օդի մեջ։ Մինչև վերջ իջեցրեք մեքենայի պատուհանները ու թող այդ օդն ապտակի ձեզ, սիրի, գրկի, լափի․․․ շնորհակալ մի եղեք, պարզապես շպրտեք ձեր ապրումները թևածող օդին՝ Հայաստանի ճամփեքի բույրերում։ Տվեք խելագար հոգին Հայաստանի օդերին, քամիներին։

Հայաստանը եկեղեցիներից անդին սիրելու հայրենիք է։ Քիչ թե շատ փոքր բնակավայրում ձեռքով ողջունեք վեցամյա Արբակին։ Արբակը Հայաստանն է։ Իր կարճ՝ մի քիչ գոզահոտ շորտիկով, փողը խնայելու աստիճանի չափ կտրած մազերով, մի քիչ քյաֆտառ՝ վեց տարեկանի կիսաատմնաշար ժպիտով։ Արբակի ուրախությունն ու երեխայական պատումի հիմքերը «քաղքից» եկող ու սիգնալ տվող աղջիկներն են, իսկ տղայական բնութագիրը՝ անծանոթի բարևը։ Բարևեք Արբակին, որը ճամփեզրին կանգնած ձեզ ողջունում է։ Քիչ թե շատ ճամփորդող մարդը բազում արբակներ է տեսել։

Մտեք կողքի խանութը, այն նեղը, փոքրը, որտեղ Անուշն է սպասարկում ու մի բան գնեք։ Կարևոր չէ, պետք է դա ձեզ, թե ձեռի հետ շպրտելու։ Դուք կտեսնեք 30–ը բոլորած, չորս որդիների երկունքի ցավը հաղթահարած 50–ամյա մի կնոջ, որի 30–ը մատնում են միայն աչքերի ապրելու ցասումը։ Անուշը Հայաստանն է։

Իսկ Անուշի առաջ ցամքած ձեռքերով, խորշոմած աչքերով, մի թեթև ծաղկավոր շորով Ամալյան է։ Առել է մեկ կիլո մակարոն ու աղ։ Կազմում է 440 դրամ։

Ամալյան երկու պաղպաղակ կցանկա, բայց Անուշը կզգուշացնի, որ 50–դրամանոց չկա, 70–նն է մնացել։ Ամալյան՝ ցամքած ձեռքերով կհաշվի վերջին կոպեկներն ու կհրաժարվի։ Չփորձեք բարեգութ խաղալ ու Ամալյային ավելի թանկանոց պաղպաղակ հյուրասիրել։ Նա կվիրավորվի։ Նա իր վաստակին է սովոր։ Ամալյան Հայաստանի պատիվն է ու սոցիալական խղճի արտացոլումը։ Պարզապես ժպտացեք Ամալյային։

Իսկ հետո նորից տվեք ձեր պղտոր հոգին Հայաստանի օդերին։ Թող այդ օդերը ապտակեն ձեզ, մաքրեն ձեր հոգին, ստիպեն որ գրկեք մի քիչ հոսացող քթով Արբակին, պատվարժան Ամալյային ու չորս որդիների կենսականության տեր Անուշին։

Ու նորից կսիրեք Հայաստանը։ Օդառատ Հայաստանը»։

Լուսանկարում՝ սահմանապահ բագարանցին:

Լուսանկարը՝ Լուսին Դավթյանի



Նման նյութեր