«Անահիտ» մրցանակաբաշխությանն առաջադրվել է 14 ֆիլմ
Advertisement 1000 x 90

«Անահիտ» մրցանակաբաշխությանն առաջադրվել է 14 ֆիլմ

«Անահիտ» առաջին ազգային կինոմրցանակաբաշխությունը տեղի կունենա դեկտեմբերի 28-ին` Հանրային հեռուստաընկերության տաղավարներից մեկում: Այն եթեր կհեռարձակվի հաջորդ օրը: Կայանալիք մրցանակաբաշխության մասին դեկտեմբերի 27-ին լրագրողների հետ զրուցեցին մրցանակաբաշխության կազմակերպիչները:

«Ներկայացված ֆիլմերն ընտրվելու են բաց քվեարկությամբ, այսինքն`ընտրողների անունները լրացվելու են քվեաթերթիկում: Ինձ համար շատ խիստ քննադատ Միքայել Ստամբոլցյանը շատ զարմացած է, որ Հայաստանում այսքան լավ ֆիլմեր կան: Կինոակադեմիան նման ֆիլմերին ջրի երես դուրս գալու հնարավորություն է տալիս»,- նշել է Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ Հարություն Խաչատրյանը:

Կինոակադեմիայի խորհրդի անդամ Անետա Երզնկյանի խոսքով`Հայաստանում կա ֆիլմարտադրություն, ֆիլմերի բազմազանություն, քանակ և որակ, ընտրության հնարավորություն:

Խորհրդի անդամ Դավիթ Մուրադյանը մրցանակաբաշխության հետ կապված տարբեր հանգամանքներ է կարևորում: «Այն ընդհանուր տեսադաշտ է բերում բոլոր ֆիլմերը. նոր անուններ են հայտնի դառնում: Ժամանակակից սերունդն իր աշխարհայացքով կարողանում է ազդեցություն ունենալ նաև ապագա ֆիլմարտադրության, թեմաների, արծարծվող խնդիրների վրա»,-ասաց Մուրադյանը և հավելեց, որ «Անահիտ»-ն ունի ողջ աշխարհում ընդունված ձևաչափ, որի նպատակը  կինոյի զարգացման միտումն է, ճաշակի ձևավորումը:

Ազգային կինոակադեմիայի գլխավոր քարտուղար Րաֆֆի Մովսիսյանն ընդգծեց, որ կինոակադեմիան ունի 35 անդամ, որոնք մասնակցել են քվեարկությանը: «Ստացել ենք 45 հայտ, որոնք ներկայացվել են 4 հիմնական անվանակարգում` «Լավագույն լիամետրաժ ֆիլմ», «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ», «Լավագույն խաղարկային ֆիլմ» և «Լավագույն վավերագրական ֆիլմ»:  Նախատեսված է 11 անվանակարգ և  առաջին քվեարկությունից հետո մնաց 14 ֆիլմ»,- եզրափակեց Րաֆֆի Մովսիսյանը:

Մրցանակաբաշխության 8 անվանակարգում առաջադրվել է Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» ֆիլմը: Ներկայացվել են նաև կինոակադեմիայի որոշ անդամների ստեղծագործություններ:

Հարություն Խաչատրյանի կարծիքով` անարդար կլինի կինոակադեմիայի անդամ լինելու պատճառով գործող կինոարտադրողին զրկել մրցանակաբաշխությանը մասնակցելու հնարավորությունից:

Ներկայացնում ենք տարբեր անվանակարգերում տեղ գտած ֆիլմերից մի քանիսը` «Բարի լույս». ռեժիսոր` Աննա Արևշատյան, «Վարդապետի լռությունը». ռեժիսոր` Վիգեն Չալդրանյան, «Վերջին ցանկությունը». ռեժիսոր`Արմեն Խաչատրյան, «Փակուղի». ռեժիսոր`Հարություն Խաչատրյան, «Մշո գեղեն». ռեժիսոր`Արմինե Հարությունյան…

Հիշեցնենք, որ «Անահիտ» մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 2011 թվականին Հայկական ազգային կինոակադեմիայի նախաձեռնությամբ: Մրցանակաբաշխությունը միավորում է հայկական կինոարտադրության ոլորտում նշանակալի ավանդ ունեցող գործիչների: Կինոակադեմիայի հիմնական նպատակը հայկական ֆիլմերի մասին գիտելիքներ տարածելը, նրա հարուստ ժառանգությունը ներկայացնելը և  ձեռքբերումներն արժևորելն է: Մրցանակաբաշխության կարևորագույն խնդիրը հայկական ժամանակակից կինոյի գնահատման չափանիշները վերաձևակեր պելն է: