Վարակաբան Դանիել Անդերսոնը, որը մինչև 2019թ.-ի նոյեմբերն աշխատել է Չինաստանի Ուհան քաղաքի վարակաբանության լաբորատորիայում, կորոնավիրուսի բնական ծագման վարկածի կողմնակից է։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` գիտնականն այդ մասին հայտարարել է Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում։
Միաժամանակ գիտնականը չի բացառել այն տեսությունը, ըստ որի SARS-CoV-2-ը կարող էր տարածվել Ուհանի լաբորատորիայից։
«Ես այնքան միամիտ չեմ, որ ասեմ, թե լիովին բացառում եմ այդ տարբերակը»,-նկատել է Անդերսոնը։
Գիտնականը վստահ է, որ անգամ եթե ամեն ինչ հենց այդպես է տեղի ունեցել, ինստիտուտի աշխատակիցների գործողություններում միտում լինել չէր կարող։
Անդերսոնը հնարավոր է համարում այն սցենարը, որի դեպքում գիտնականը կարող էր անգիտակցաբար վարակվել աշխատանքի ընթացքում, այնուհետև առանց դիտավորության վարակել մյուսներին։ Սակայն Անդերսոնը դա քիչ հավանական է համարում։
Մասնագետին չի զարմացնում, որ հետազոտողներին դեռևս չի հաջողվել գտնել վիրուսի տարածման հստակ աղբյուրը, քանի որ ավելի վաղ ատիպիկ թոքաբորբի բնական հարուցիչը գտնելու համար գրեթե տասը տարի էր պահանջվել:
Վերջին ժամանակներս կրկին ԶԼՄ-ներում հրապարակումներ և արևմտյան քաղաքական գործիչների հայտարարություններ են հայտնվել վարակի հնարավոր լաբորատոր ծագման մասին։ Մասնավորապես, Սպիտակ տունը հաղորդագրություն էր տարածել, որում չէր բացառում այդ վարկածը։