Լևոն Արոնյանը «Goldmoney Asian Rapid» առցանց մրցաշարի առաջատարն է
Advertisement 1000 x 90

Լևոն Արոնյանը «Goldmoney Asian Rapid» առցանց մրցաշարի առաջատարն է

Հայ շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը «Goldmoney Asian Rapid» առցանց շախմատային մրցաշարի` երեք օր տևած նախնական փուլի առաջատարն է։ Այսօր նա շախմատային հանդիպում է ունեցել ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմևի հետ, արդյունքում հայ գրոսմայստերը կես միավորով առաջ է անցել ռուսաստանցի շախմատիստից ու հիմա գլխավորում է աղյուսակը։ Երրորդ տեղում չինացի Դին Լիժենն է։

Ուժեղագույնների ութնյակում, որը կշարունակի պայքարը փլեյ-օֆֆում հաղթելու համար, տեղ է գտել նաև նորվեգացի Մագնուս Կարլսենը, որը վաստակել է 9 միավոր։ Նա և ամերիկացի Ուեսլի Սոն միասին կիսում են 4-5-րդ տեղերը։ Լավագույնների շարքում են լեհ Յան-Քշիշտոֆ Դուդան, հոլանդացի Անիշ Գիրին և հնդիկ Էրիգայսի Արջունը։

Հիշեցնենք, որ շաբաթ օրը մեկնարկած «Goldmoney Asian Rapid»-ը աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի կազմակերպած «Meltwater Champions Chess Tour»-ի մաս է կազմում։

Հանգստյան օրերին կայացել են մրցաշարի 10 տուրերը։ 10-րդ տուրից հետո աղյուսակը գլխավորում է Լևոն Արոնյանը։

Արոնյանը 6-րդ տուրում հաղթել է նաև աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին։

Փլեյ-օֆֆում յուրաքանչյուր ռաունդը բաղկացած է երկու խաղից։ Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար դոլար:

armeniasputnik.am