«Երկու օր առաջ կեսգիշերից շատ անց Աբգարս ինձ հուշեց, որ թարգմանեմ Ռոբերտ Ռոժդեստվենսկու 1983թ. Առնո Բաբաջանյանի Նոկտյուրնի համար գրված բանաստեղծությունը». Գեղամ Նազարյան
Advertisement 1000 x 90

«Երկու օր առաջ կեսգիշերից շատ անց Աբգարս ինձ հուշեց, որ թարգմանեմ Ռոբերտ Ռոժդեստվենսկու 1983թ. Առնո Բաբաջանյանի Նոկտյուրնի համար գրված բանաստեղծությունը». Գեղամ Նազարյան

Գեղամ Նազարյանի ֆեյբուքյան էջից.

«Ինը ամիս: Աբգարս զոհվեց ինը ամիս առաջ, իր ամենաթանկը՝ կյանքը տալով հայրենիքի համար: Իսկ երկու օր առաջ կեսգիշերից շատ անց Աբգարս ինձ հուշեց, որ թարգմանեմ Ռոբերտ Ռոժդեստվենսկու 1983թ. Առնո Բաբաջանյանի Նոկտյուրնի համար գրված բանաստեղծությունը, բայց մի փոքր փոխված: Սա Աբգարիս ու մյուս հերոս տղերքի զրույցն է մայրիկների հետ: Աբգարս ու մյուս տղերքը դիմում են, զրուցում են իրենց մայրերի հետ: Հուսով եմ այն բարձրակարգ պրոֆեսիոնալ կատարմամբ լավ երգ կդառնա:

Նոկտյուրն

(Հավերժությունից զրույց հերոսածին մայրերի հետ)

Իմ եւ քո միջեւ անհունի ձայնն է,

աստղերի ծովը,

գաղտնի ծովերը:

Ինչպե՞ս ես ապրում, իմ գարուն,

իմ բարի,

իմ խորհրդավոր:

Եթե ուզում ես, եթե կարող ես՝ հիշիր իմ մասին,

հիշիր իմ մասին,

հիշիր իմ մասին:

Գոնե պատահաբար, գոնե մի անգամ հիշիր իմ մասին,

հավերժ իմ մայրիկ:

Իսկ իմ եւ քո միջեւ դարեր են,

ակնթարթներ եւ տարիներ,

երազներ եւ անուրջներ:

Ես նրանց եւ քեզ ասում եմ՝ թռեք:

Չէ որ քեզ հիմա ավելի շատ եմ սիրում:

Ինչպե՞ս ես հիմա ապրում, իմ գարուն,

իմ բարի,

իմ խորհրդավոր:

Ես քեզ երջանկություն եմ մաղթում իմ բարի մայրիկ,

իմ հավերժ մայրիկ:

Միայն դու կանչիր, կլինեմ կողքիդ,

պարզապես կանչիր,

կամացուկ կանչիր:

Իմ սիրո լույսը թող քեզ ուղեկցի,

իմ սիրո կանչը,

իմ սիրո ցավը:

Միայն թե դու մնա նախկինը, ժպիտով մայրիկ,

լուսավոր մայրիկ,

ուրախ դու ապրիր:

Ինչ էլ որ լինի, խնդրում եմ ապրիր,

երջանիկ ապրիր հավետ:

Իսկ իմ եւ քո միջեւ՝ դարեր են,

ակնթարթներ եւ տարիներ,

երազներ եւ անուրջներ:

Ես նրանց հիմա քեզ մոտ եմ ուղարկում:

Չէ որ քեզ հիմա ավելի շատ եմ սիրում:

Թող քեզ հետ միշտ լինի իմ սիրո լույսը,

իմ սիրո կանչը,

իմ սիրո ցավը:

Ինչ էլ որ լինի, խնդրում եմ ապրիր:

Երջանիկ ապրիր հավետ:

Ռոբերտ Ռոժդեստվենսկի 1983

Հերոս տղերք 2021»



Նման նյութեր