Պատանի երգիչ Լևոն Նազարյանը ներկայացրել է իր առաջին՝ «Հայաստան» երգի տեսահոլովակը։ «Կամի» ակումբում հավաքվել էին նրա ընկերներն ու հարազատները՝ նշելու միանգամից երկու առիթ. դեկտեմբերի 25-ը Լևոնի համար կրկնակի տոնական էր, քանի որ ծննդյան 15-ամյակն ու դեբյուտային հոլովակի շնորհանդեսն էր։
Նշենք, որ «Հայաստան» երգը «Մուլտիկնիկ-2016» ազգային մանկապատանեկան երաժշտական ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում ճանաչվել է լավագույն hայրենասիրական երգ: Լևոնի խոսքով՝ պատահական չէ, որ Հայաստանի մասին երգով է ներկայանում հանրությանը. իր մեծ ցանկությունն էր, կարևոր ուղերձ ունի և նվիրում է ՀՀ անկախության 25-ամյակին. «Երգիս միջոցով կոչ եմ անում դրսում ապրող մեր հայրենակիցներին վերադառնալ Հայաստան»:
Երգի հեղինակը Սուսաննա Բարսեղյանն է, գործիքավորումն արել է Վահան Նահապետյանը, իսկ ռեժիսորը Երվանդ Ռումյանն է: Վերջինս նշել է, որ Լևոնի հետ աշխատանքը հաճելի ու հեշտ է եղել.«Ստացանք այն, ինչն ի սկզբանե պլանավորել էինք։ Վստահ եմ, որ տարիներ հետո նրան կտեսնենք ավելի մեծ բեմերում, եթե շարունակի այսպես աշխատել»։
Լուսանկարում՝ Իրինա Թովմասյանը և Լևոն Նազարյանը
Ամբողջությամբ՝ bravo.am