AntiFake.am-ը հարցում է ուղարկել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին՝ խնդրելով տեղեկություն տրամադրել այն մասին, թե Հայաստանի դիահերձարաններում Արցախյան երկրորդ պատերազմում զոհված քանի զինծառայողի դի է պահվում։
Ի պատասխան՝ նախարարությունից մերժել են տրամադրել դիահերձարաններում պահվող զինծառայողների աճյունների թիվը՝ համարելով, որ դա նախաքննական գաղտնիք է։
«Պատերազմական գործողությունների արդյունքում զոհված յուրաքանչյուր զինծառայողի և քաղաքացական անձի մահվան փաստի, աճյունների և դիակների պահպանման փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել են քրեական գործեր և կատարվում է նախաքննություն։ Ուստի՝ տեղեկատվություն չենք կարող տրամադրել, քանի որ այն հանդիսանում է նախաքննական գաղտնիք», – ասվում է պատասխանում։
Հիշեցնենք՝ մինչ այս պահը հայ հանրությանը հայտնի չէ Արցախյան երկրորդ պատերազմում զոհված զինծառայողների ամբողջական թիվը, հայտնի չէ, թե զոհված զինծառայողներից քանիսն են հուղարկավորվել և քանիսի աճյուններն են գտնվում դիահերձարաններում։ Հայտնի չեն նաև անհետ կորած զինծառայողների և գերիների իրական թիվը։
Աղբյուր՝ AntiFake.am