Կատուներն ու շները կարող են իրենց տերերից կորոնավիրուսով վարակվել. հետազոտություն
Advertisement 1000 x 90

Կատուներն ու շները կարող են իրենց տերերից կորոնավիրուսով վարակվել. հետազոտություն

Կորոնավիրուսով վարակված մարդկանց տներում ապրող կատուների եւ շների մոտ 22%-ը վարակվել են: Այս մասին հաղորդվում է հոլանդացի գիտնականների նոր հետազոտության մեջ, որի արդյունքները ներկայացվել են Կլինիկական միկրոբիոլոգիայի եւ ինֆեկցիոն հիվանդությունների եվրոպական կոնգրեսում (ECCMID), հաղորդում է The Guardian-ը:

Շարժական անասնաբուժական լաբորատորիայի օգնությամբ գիտնականները 156 շների եւ 154 կատուների ՊՇՌ թեստ եւ հակամարմինների անալիզ են արել այն տներում, որտեղ ընտանիքի անդամներից մեկը վերջին 200 օրվա ընթացքում ունեցել է COVID-19: Թեստավորումը վեց կատուների եւ յոթ շների մոտ (4,2%) ակտիվ վարակ է ցույց տվել, հակամարմիններ հայտնաբերվել են 31 կատուների եւ 23 շների մոտ (17,4%): Բոլոր հիվանդացած կենդանիները կամ չեն ունեցել կորոնավիրուսի ախտանիշներ, կամ դրանք շատ թեթեւ են եղել: Բոլոր տնային կենդանիները, որոնք նույն տանը ապրել են վարակված կենդանիների հետ, նույնպես հետազոտվել են, սակայն նրանցից ոչ մեկի մոտ վիրուս չի հայտնաբերվել: Սա նշանակում է, որ նրանք SARS-CoV-2-ը չեն փոխանցել միմյանց:

Ըստ գիտնականների, ամենայն հավանականությամբ, կենդանիները վարակվել են մարդկանցից, բայց հարյուր տոկոս երաշխիք չկա, որ ընտանի կենդանիները չէին կարող վարակի աղբյուր լինել:

news.am