«ՀՀ Կառավարությանն առաջարկում եմ սահմանել Վարդան Մամիկոնյանի եվ Մխիթար Հերացու համատեղ մեդալ եվ խփել Արմեն Մուրադյանի դոշին». Վասակ Դարբինյան
Advertisement 1000 x 90

«ՀՀ Կառավարությանն առաջարկում եմ սահմանել Վարդան Մամիկոնյանի եվ Մխիթար Հերացու համատեղ մեդալ եվ խփել Արմեն Մուրադյանի դոշին». Վասակ Դարբինյան

Վասակ Դարբինյանի ֆեյսբուքյան էջից.

«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՄ ՍԱՀՄԱՆԵԼ ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻ ԵՎ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ՀԱՄԱՏԵՂ ՄԵԴԱԼ ԵՎ ԽՓԵԼ ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԴՈՇԻՆ

«Զինվորի տունը պարծանք է, և վերջ,

Զինվորի տունն ազգային արժեք է, և վերջ,

Զինվորի տունը լավագույնն է, և վերջ…»:

Ահա այս լոզունգներով է հանդես եկել Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ սրանցով փաստորեն հասկացնելով, որ պատրաստ է հարկ եղած դեպքում «Զինվորի տունը» օգտագործել որպես վահան՝ պաշտպանվելու հնարավոր հարձակումներից, և որպես նիզակ՝ հարմար պահին թշնամուն խոցելու…

Շատերի համար, այնուամենայնիվ, հասկանալի չէ, թե ինչու է այսքան ռազմատենչ ու երբվանից է այսքան զինվորապաշտ ԵՊԲՀ ռեկտորը:

Այս հարցերի պատասխանները կարելի է գտնել վերջին տարիների նրա հերոսական գործունեությանը հպանցիկ անդրադարձով:

2017-ից ի վեր ԵՊԲՀ ռեկտոր Մուրադյանի սևեռուն նպատակներից մեկը համալսարանական հիվանդանոցի հայտնի մասնաշենքն ազատագրելն է: Հատկապես՝ դրա աջակողմյան հատվածը: Անցած տարիներին նա առանց մեծ ջանքերի կարողացել է մասնաշենքից վտարել մի քանի բաժանմունք, բայց միիկրովիրաբուժության բաժանմունքի հարցը չի հաջողվել լուծել: Հայրենասիրության բուռն պոռթկման պահերին նա գրոհել և ազատագրել է մասնաշենքի հարկաբաժինները՝ այնտեղ հաշմանդամ զինվորների մասին հոգ տանելու վեհագույն նպատակը ծածանելով որպես դրոշ:

Շնորհիվ մարդկանց աչքը մտնելու իր բացառիկ ունակությունների՝ Արմեն Մուրադյանը մտել է հնարավոր բոլոր աչքերը և համոզել բոլորին, որ գիշեր ու զօր մտածում է հաշմանդամ զինվորների մասին, ինչպես Իլյիչը՝ կարիքավորների ու ընչազուրկների: Ահա ինչու նա միջոցներ չի խնայում «Զինվորի տունը» ամենաճոխ հյուրատներից էլ ճոխացնելու համար…

Մինչդեռ նրա ազնիվ նպատակը բախվում է խոչընդոտի. նրա ճանապարհին կանգնած է Արտավազդ Սահակյանը, որը, ճիշտ է, ոսկի ձեռքեր ունի, լավ բժիշկ է, բայց թող ազատի այդ տարածքը, քանի որ մեծ հայրենասերը որոշել է վերանորոգել այն…

«Արտավազդ Սահակյանին բազմիցս առաջարկվել է թե Հերացի, և թե Միքայելյան հիվանդանոցներում ժամանակավորապես ծավալել կլինիկական գործունեությունը, մինչև Աբովյան 58 շենքի վերանորոգման ավարտը»,- ասում է ռեկտորը:

Փաստորեն նա այնքան մեծահոգի է, որ չի պահանջում առհասարակ հեռանալ, թույլ է տալիս կլինիկական գործունեություն ծավալել, անգամ պատրաստ է մի երկու սենյակ տրամադրել:

Շենք վերանորոգելն, անշուշտ, ազնվաբարո գործունեություն է, և դա գիտակցելով՝ ԵՊԲՀ ռեկտորը առավոտից գիշեր զբաղված է դրանով: Փողը թափվում է ասես առատության եղջյուրից՝ «Զինվորի տան» համար միջոցներ չեն խնայվում, ով չի ալարում՝ փող է փոխանցում Արմեն Մուրադյանի ՍՊ ընկերությանը: Շատ փող: Էնքան շատ, որ չգիտի ինչպես ծախսի և ուզում է, օրինակ, հիմնովին վերանորոգված (չի փոխվել միայն միջանցքի պարկետը) միկրովիրաբուժության բաժանմունքը շատ ավելի հիմնովին վերանորոգել…

Իր հայտարարությունը Մուրադյանն ավարտում է ազդեցիկ նկարագրությամբ ու սթափեցնող հանդիմանությամբ. գրում է. «Եվ վերջում, թշնամին մեր Երկրի սահմանին է, Երկրի ներսում բանսարկություններով, անազնիվ քայլերով և քաղաքական շահարկումներով զբաղվելու շռայլություն չունենք: Ի գործ»:

Ինքներդ ասեք. մի՞թե կարելի է չցնցվել այս մարդու ազնվությունից, նվիրվածությունից, վեհանձնությունից ու Երկրի հանդեպ անսահման սիրուց, որոնց գալիս են հակադրվելու բանսարկությունը, անազնիվ քայլերը և քաղաքական շահարկումները…

Ո՞ւր է նայում ՀՀ կառավարությունը: Ինչո՞ւ անհապաղ չի սահմանում Վարդան Մամիկոնյանի և Մխիթար Հերացու համատեղ մեդալ ու խփում Արմեն Մուրադյանի դոշին: Առհասարակ, ինչո՞ւ է բավարարվել միայն «Զիվորի տունը» անհատույց օգտագործման իրավունքով Արմեն Մուրադյանին հանձնելու որոշումով, ինչո՞ւ ամբողջ Բժշկական համալսարանը չի օտարում այս լավ մարդուն… Մարդ է, վաղը-մյուս օրը կարող է ռեկտոր չլինել, բա մի քանի մասնաշենք չունենա՞ իր անունով գրած…

Վերջապես, ինչո՞ւ ՀՀ կառավարությունը չի գնահատում նրա անսահման եռանդն ու նվիրվածությունը և նրան չի հատկացնում հանրապետությունում եղած-չեղած բոլոր հիվանդանոցներն անխտիր: Չէ՞ որ նա կարող է ազատել դրանք այնտեղ գտնվող բուժանձնակազմերից ու մի լավ ռեմոնտ անել, այդ կերպ արտահայտելով իր տիեզերական սերը մեր զինվորների ու հայրենիքի հանդեպ:



Նման նյութեր