«Genesis» ռոք խմբի համահիմնադիր Փիթեր Գաբրիելը գրառում է կատարել՝ նվիրված հայ լեգենդար դուդուկահար Ջիվան Գասպարյանի հիշատակին։ Աշխարհահռչակ դուդուկահարը 92 տարեկանում կյանքից հեռացել է երեկ։
Փիթեր Գաբրիելն իր կայքում նշել է՝ դուդուկի հնչյուններին սիրահարվել է, երբ այն իրեն են ներկայացրել ֆիլմի համար ուսումնասիրություն կատարելիս։ «Հայաստանում ասում են, որ երբ լավ են դուդուկ նվագում, բոլորն արտասվում են։ Գործիքի մեծագույն վարպետ էր Ջիվան Գասպարյանը»,- գրել է Գաբրիելը։ Նա նշել է, որ սիրում էր այն խորը զգացմունքները, որոնք հորդում էին երաժիշտից, երբ նրան տեսնելու կամ նրա հետ նվագելու երջանիկ հնարավորություն էին ունենում։
«Մի երեկո «Real World Studios»-ում ընթրելիս նա վեր կացավ եւ ասաց. «Սա նվագում եմ մայրիկիս համար»: Արտասվում էին բոլորը: Երբ նա դուդուկը մոտեցնում էր շուրթերին, կախարդում էր իրեն լսողներին: Շնորհակալ եմ, Ջիվան»,- գրել է Փիթեր Գեբրիելը: