Կորոնավիրուսի դեմ պայքարելու նպատակով «Կովակս» հարթակի շրջանակում ՀՀ առողջապահության նախարարությունը 2021-ի աշնանը ձեռք կբերի «Ջոնսոն և Ջոնսոն» ամերիկյան ընկերության արտադրության 50 հազար պատվաստանյութ, որը մեկ դեղաչափով է օգտագործվում, այսինքն՝ 50 000 անձի համար է և մոտ 300 հազար դոզա «Նովավաքս» ընկերության պատվաստանյութ, որը ևս ամերիկյան արտադրության է, բայց երկու դեղաչափով օգտագործման համար է:
Այս մասին հուլիսի 9-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:
Նա նշեց, որ «Կովակս» հարթակի շրջանակում ժամանակ առ ժամանակ պատվաստանյութեր ձեռք բերելու հնարավորություն է ստեղծվում: Փետրվար կամ հունվար ամիսներին «Pfizer» պատվաստանյութ ձեռք բերելու հնարավորություն է եղել: Հայաստանը կարող էր ստանալ 15 000 դեղաչափ 7 500 հոգու համար: «…Մենք այդ պահին համապատասխան ենթակառուցվածքներ չունեինք և նման փոքր խմբաքանակի համար ներդրում անելը նպատակահարմար չէր»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:
Ավանեսյանի խոսով՝ այս պահին նախարարության միջոցներով որոշակի համալրումներ իրականացվել են: «Պայմանավորվածություններ ունենք դոնոր կազմակերպությունների հետ, որ պետք է ներդրում արվի ամբողջ Հայաստանով այս սառցե շղթայի խիստ պայմանները պահպանելու ամբողջական ենթակառուցվածքի ներդրման համար, ինչն առաջիկա ամիսներին կիրականացվի»,- շեշտեց Անահիտ Ավանեսյանը:
Նա հիշեցրեց, որ Հայաստանն ինքնաֆինանսավորվող երկրների շարքին է դասվում, և «Կովակս» հարթակի շրջանակում ոչ թե նվեր է ստանում պատվաստանյութը, այլ ձեռք է բերում: