Դալայ Լաման ասել է՝ քանի ժամ պետք է քնել, որպեսզի առողջ լինել. tert.am
Advertisement 1000 x 90

Դալայ Լաման ասել է՝ քանի ժամ պետք է քնել, որպեսզի առողջ լինել. tert.am

Դալայ Լամա XIV-ը պատմել է, թե օրական քանի ժամ է քնում, և նշել, թե իրեն ինչ է պետք առողջ լինելու համար, գրում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

Հուլիսի 6-ին բուդդաների հոգևոր առաջնորդը դարձել է 86 տարեկան: Նա նշել է, որ բազմաթիվ մարդկանց բարյացակամ վերաբերմունքի և բարեմաղթանքների շնորհիվ մտադիր է ապրել 110-ից 113 տարի։

«Պետք է հասկանալ․ եթե մեր միտքն անհանգիստ է տարբեր հույզերից, ապա դա ազդում է նաև մեր ֆիզիկական վիճակի վրա․ բարձրանում է մեր արյան ճնշումը, չենք կարողանում հանգիստ քնել և այդպես շարունակ։ Հանգիստ քունն առողջ մարմին ունենալու հիմնական գործոնն է», – ասել է Դալայ Լաման և հավելել, որ ինքն ամեն գիշեր խորը և հանգիստ քնում է 9 ժամ։

Դալայ Լաման նշել է, որ 9-ժամյա խորը քնից հետո ինքն ամեն օր մի քանի ժամ նվիրում է մեդիտացիային: Նա հավելել է, որ անկախ խնդիրներից՝ իր միտքը հանգիստ է պահում։

«Հոգեկան և ֆիզիկական առողջության համար այդքան անհրաժեշտ «հոգեկան հանգստությունը» ձեռք է բերվում առաջին հերթին կարունան (կարեկցանք) զարգացնելու և ոչ պակաս կարևոր ահիմսա (բռնության բացակայություն) սկզբունքի պահպանման միջոցով», – ասել է Դալայ Լաման։

14-րդ Դալայ Լաման, որի իսկական անունը Լհամո Դհոնդրուբ է, ծնվել է 1935 թվականի հուլիսի 6-ին Տիբեթի հյուսիս-արևելքում գտնվող Տակցեր գյուղում: Նա 1937-ին ճանաչվել է իր նախորդի վերամարմնավորումն ու 1940-ին՝ ստանձնել պաշտոնը։ 1959 թվականին Տիբեթի՝ Չինաստանի կազմում ներառվելուց հետո, Դալայ Լաման փախել է Հնդկաստան և այժմ նրա նստավայրը Հիմալայան Դհարամշալա քաղաքում է։

Նա համարվում է բոլոր բուդդաների կարեկցանքի մարմնացումը։ 14-րդ Դալայ Լաման 1989 թվականին արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի` տարբեր երկրներում կրթական գործունեության և խաղաղարար ջանքերի համար: Նա իր ողջ կյանքի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձրել կրթության զարգացմանն ու ժամանակակից գիտության հետ բուդդիզմի փոխազդեցությանը։

tert.am