Արամ Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից.
«Մտավորականների այն խումբը, որը 1988 թվականին «գրավեց» Ազատության հրապարակը, իսկ այնուհետեւ՝ ամբողջ Հայաստանը, կոչվում էր «Ղարաբաղ» կոմիտե: Այն չէր կոչվում «Հակակոռուպցիոն կոմիտե», «Սոցիալական արդարություն» կամ անգամ «Անկախ Հայաստան» կոմիտե:
Երրորդ Հանրապետության ամբողջ պատմությունը, մինչեւ 2018 թվականը, ընթանում էր Արցախը հայկական պահելու, այն չհայաթափելու նշանաբանի տակ: Երեք տարի առաջ արձանագրվեց, որ առաջնահերթությունները փոխվել են, եւ այդ փոփոխությունը լավագույնս արտահայտեց Փաշինյանն իր հեղափոխությամբ:
Նա դարձավ Հայաստանի առաջին ղեկավարը, որը կապ չուներ Ղարաբաղյան խնդրի հետ, եւ դա սկիզբն էր այն գործընթացի, որի հիմնական արդյունքն արձանագրվեց 2020 թվականի նոյեմբերի 10-ին, եւ որն իր ավարտին է հասցվելու մոտակա 1-2 տարում: Ինչի՞ մանդատ տվեց Փաշինյանին 54 տոկոսը:
Պողպատը, մուրճը, նախկիններին պատժելը՝ այդ ամենը «լիրիկա է», քարոզչական պատմուճան: Փաշինյանը հունիսի 20-ին ստացավ Արցախի հարցը փակելու, այն՝ որպես Ադրբեջանի մաս ճանաչելու եւ Թուրքիային Սյունիքի մարզով միջանցք տալու մանդատը:
Դրա մասին էր, ըստ էության, խոսում Պուտինը՝ վարչապետի պաշտոնակատարի հետ իր զրույցում. ստացե՞լ ես ժողովրդի վստահությունը, ուրեմն՝ վերջ, արա՛ այն, ինչի համար մենք քեզ սատարում ենք»: