Ջորջ Մայքլի մահից հետո սոցցանցերում օգտատերերից շատերը սկսել են պատմել այն մասին, թե ինչպես է Ջորջը օգնել իրենց: Պարզվում է, երգիչը երկար տարիներ ծածուկ կերպով օգնել է բարեգործական հիմնադրամներին: Նա օգնել է նաև անհատներին, ովքեր դժբախտության մեջ են եղել, գրում է The Telegraph-ը:
ՁԻԱՀ և ՄԻԱՎ տառապող մարդկանց օգնության Terrence Higgins Trust հիմնադրամի ներկայացուցիչ Ջեյն Բարրոնը պատմեց, որ Ջորջը երկար տարիներ անձամբ է օգնել: Նրա ֆինանսական օգնության շնորհիվ այդ մահաբեր հիվանդությամբ տառապող մարդիկ կարողացել են հանգիստ ապրել, առանց վախենալու, որ կարող են վտարանդի դառնալ հասարակության կողմից:
Childline մանուկների օգնության թեժ գծի հիմնադիր Էսթեր Ռանցենն ասաց, որ երգիչը 1996-ից Jesus To A Child երգից ստացվող ողջ հասույթը անընդհատ փոխանցել է հիմնադրամին, իսկ դա միլիոնավոր դոլարներ են, որոնք թույլ են տվել փրկել տասնյակ հազարավոր կյանքեր:
«Տասնյակ տարիներ նա եղել է Childline հիմնադրամի ամենազարմանալի և մեծահոգի բարերարը, բայց միևնույն ժամանակ, ամեն ինչ արել է, որ այդ մասին ոչ ոք չիմանա»,- ասաց Էսթեր Ռանցենը:
1997 թ., երբ քաղցկեղից մահանում է երգչի մայրը, նա Լոնդոնում բարեգործական համերգ է կազմակերպում, որի ողջ հասույթը փոխանցում է Macmillan Cancer Support հիմնադրամին և մորը օգնող բուժքույրերին…
Երգչի մահից հետո Twitter-ում մարդիկ անընդհատ վկայում են Ջորջ Մայքլի բարեգործական քայլերի մասին:
Deal or No Deal հեռուստահաղորդման հեղինակ Ռիչարդ Օսմանը պատմեց, որ հաղորդումներից մեկի ժամանակ հնչում է զանգ: Մի կին հայտնում է, որ երեխա է ուզում ունենալ, բայց բուժման համար անհրաժեշտ գումարը չունի: Հաջորդ օրը Ջորջ Մայքլը գաղտնի զանգահարում է նրան և 15 000 ֆունտ փոխանցում այդ կնոջ հաշվին, որ կինը կարողանա բուժվել և երեխա ունենալ:
Հավերժ հիշատակ ծածուկ և մեծ բարերարին:
takiedela.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը