Մոտ երկու տարի առաջ Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց նույն կառույցի աշխատակից, գծանկարիչ, վաստակավոր նկարիչ Խաչատուր Վարդպարոնյանի թոռը՝ Միքայել Վարդպարոնյանը, սակայն վերջերս ծագած անհամաձայնությունների հետևանքով նա աշխատանքից ազատման դիմում է գրել։
Լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկության համաձայն՝ մոտ երկու տարի առաջ պատկերասրահում աշխատանքի է անցել Գյումրի համայնքի ղեկավարի մանկության ընկերոջ դուստրը՝ Անի Ավետիսյանը՝ որպես էքսկուրսավար, սակայն ինչ-ինչ խնդիրներից ելնելով՝ հունիսի վերջին աշխատանքից ազատման դիմում է գրել։ Ժամանակավոր պաշտոնակատար Մ․Վարդպարոնյանը հունիսի 25-ին հիմք ընդունելով աշխատակցի ազատման դիմումը, այն մակագրել է։
Քաղաքապետարանն առաջարկել է ապահովել աշխատանքից ազատված էքսկուրսավարի վերադարձը: Տնօրենն ու աշխատակազմը համաձայնել են: Մի քանի օր անց, սակայն, աշխատանքից ազատման դիմում է գրել նաև տնօրենի պաշտոնակատար Միքայել Վարդպարոնյանը։ Ըստ տարածված լուրերի՝ եղել է ճնշում համայնքապետարանի կողմից:
Փորձեցինք Միքայել Վարդպարոնյանից պարզել, թե ո՞րն է իր՝ աշխատանքից ազատման դիմում գրելու պատճառը, արդյոք այն կապ ունի՞ էքսկուրսավարին աշխատանքից ազատելու որոշման հետ։ Ի պատասխան՝ Միքայել Վարդպարոնյանն ասաց․
«Սեփական դիմումի համաձայն հեռացրել եմ աշխատակցուհու, ինչի հետևանքով համայնքապետարանում, հավանաբար, եղել են հետցնցումներ: Այս խայտառակ պատմությունը տգեղ է, պատիվ չի բերում պատկերասրահին, քաղաքին ու համայնքապետարանին: Թանգարանը ցնցումների չտանելու համար ես ևս դիմում եմ գրել: Համայնքապետարանում քննարկումների ժամանակ եղել են նախապայմաններ, օրինակ, հեռացնել 17 տարի ստաժ ունեցող աշխատակցուհու, որն ինձ համար բոլոր սահմանների անցում էր: Ոչ ոք չի հավատում, որ իմ նկատմամբ ճնշում չի եղել, ինձ ճնշելն իրականում շատ դժվար է, բայց հանուն պատկերասրահի՝ գնացել եմ այդ քայլերին: Էքսկուրսավարի հետ կապված կենցաղային հարցեր են եղել, որոնք բերել են այս հետևանքներին»:
Պատկերասրահի նախկին ժ/պ-ն հայտնեց նաև, որ երեկոյան ժամերին աշխատում է այլ տեղ՝ որպես մենեջեր, և այն պատկերասրահում իր աշխատանքային ժամերին ընդհանրապես չի խանգարում, սակայն հիմք ընդունելով այն, որ պայմանագրում գրված է՝ վճարովի այլ աշխատանք չի կարող կատարել, այդ փաստը ևս իրեն ներկայացրել են:
«Ասել են, որ դու չես կարող այլ վճարովի աշխատանք ունենալ: Պետք է 78.000 դրամ ստանամ և վերջ: Անձնական հարց չեմ շահարկում, ասում եմ՝ սա կառույցների խնդիր է՝ պատկերասրահ և համայնքապետարան: Ամեն դեպքում իմ կողմից որոշում կար տուրիստական այս ժամանակահատվածում ոչ մի դեպքում պատկերասրահը չենթարկել ցնցումների: Մենք հարցին վերաբերվում ենք կառուցողական, իսկ իրենք՝ անձնական ամբիցիաներով»,- նշեց Միքայել Վարդպարոնյանը:
Նա հայտնեց, որ երկու տարվա ընթացքում որոշ հարցերի կարողացել են լուծում տալ, օրինակ, լուծվել է ջեռուցման հարցը, բացվել է հուշանվերների խանութ:
«Պատկերասրահը չի ունեցել այցելուների համար նախատեսված զուգարան, ամոթ էր: Հենց հիմա շինարարական աշխատանքներ են տարվում նաև նկուղի հետ կապված: Շենքն արտեզյան ջրերի վրա է կանգնած, խոնավության պատճառով նկուղն արդեն ուներ փոքր փլուզումներ: Նոր ցուցահանդես ենք պատրաստում, որի համար մոտ 7 միլիոն դրամի ներդրում է եղել գործընկերների կողմից, համաֆինանսավորվել է քաղաքապետարանի կողմից, հիմա չենք կարող սկսել: Մի խոսքով՝ պատկերասրահը հիմա կոմայի մեջ է»:
Գյումրու քաղաքապետի մամլո խոսնակ Սոնա Առաքելյանից ևս փորձեցինք ճշտել պատկերասրահի ժամանակավոր պաշտոնակատարի՝ աշխատանքից ազատվելու պատճառը։ Նա արձագանքեց՝ ասելով․
«Ազատվել է սեփական դիմումի համաձայն, և ազատման հիմքում մեկ այլ աշխատանք ունենալն էր, որը համատեղ է եղել այս աշխատանքի հետ»:
Ինչ վերաբերում է նոր տնօրեն նշանակելու հարցին, ապա մամլո խոսնակի փոխանցմամբ՝ կնշանակվի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ հայտարարելը:
Անի Կարապետյան