Պարուհի Վարդուհի Ալեքսանյանը, ով բավականին ժամանակ է, ինչ ապրում է ԱՄՆ-ում, այս օրերին Երևանում է: Life.panorama.am-ը զրուցել է պարուհու հետ և հետաքրքրվել Հայաստան վերադառնալու պատճառների ու ծրագրերի մասին:
«Տարվա ընթացքում շատ էին արտասահմանյան իրադարձություններն ու տոները, հատկապես իմ 1.5 տարեկան նորաստեղծ դպրոցի շատ սիրելի աշակերտների ու նվիրյալ ծնողների, պարուսույցների հետ միասին հաշվետու համերգից հետո հասկացա, որ Ամանորն ու Սուրբ Ծնունդը իմ ամենասիրելի տոններն են, որը միշտ նշել եմ ջերմ, ընտանեկան մթնոլորտում, ինչն էլ կանեմ և այս տարի»,- պատմեց Վարդուհին ու շարունակեց.
«Քանի որ ԱՄՆ-ում գրեթե միշտ արևային եղանակ է, որը շատ հաճելի է, սակայն Նոր տարին ուզում ես նշել ձմռան շունչը զգալով: Ձյուն շատ եմ սիրում, ու այս անգամ հենց ճերմակ ձյան փաթիլները ինձ կանչեցին հայրենիք»:
Վարդուհի Ալեքսանյանի համար ամենաջերմ ու գեղեցիկ տոները հենց Հայաստանում են.
«Ճիշտ է` ԱՄՆ-ում Ամանորը շատ գեղեցիկ են տոնում, շատերը շտապում են հենց Միացյալ նահանգներում անցկացնել տոները, բայց այս տարի իմ ԱՄՆ-ն Երևանն էր: Չկա ավելի ջերմ վայր, քան առողջ ընտանիքում խարույկի կողքին երեկոն վայելելը: ԱՄՆ-ում իմ դպրոցում` սաներիս, նրանց ծնողների ու մեր պարուսույցների հետ միասին նշեցի տոները, ապա շարունակեցի ինքնաթիռում, իսկ հիմա իմ հայրենիքում եմ նշում` ընտանիքիս, ընկերներիս ու կոլեգաներիս հետ միասին»,- պատմեց մեր զրուցակիցը:
Ամանորի գիշերը Վարդուհին կանցկացնի տանը.
«Նոր տարվա ողջ գիշերը լինելու եմ իմ սիրելի ընտանիքում, տանը` ինչպես գրեթե ամեն տարի: Սա Ձմեռ պապիկի լավագույն նվերն է»,- հավելեց նա:
Անցնող տարին պարուհու համար բավականին հաջող է եղել, գալիք տարվա հետ կապված նպատակները ևս շատ են.
«Այս տարին բավականին հաջողակ եմ համարում, ձեռքբերումներով ու հաջողություններով լի տարի էր, որի համար անչափ շնորհակալ եմ: Իսկ առջևում անասելի շատ ծրագրեր կան, սպասվում է մեծ մենահամերգ ԱՄՆ-ում, որի նախապատրաստական աշխատանքները իրականացնում եմ Երևանում` առաջատար մասնագետների հետ բանակցելով: Այս տարի ևս անակնկալների սպասեք»,- նշեց Վարդուհի Ալեքսանյանը:
Պարուհին ԱՄՆ կվերադառնա հունվարի կեսին` իր խոսքով շտապելով իրականացնել նորանոր նպատակներ: