Lufthansa ավիաընկերությունը մուտք է գործում հայկական շուկա. որ ուղղությամբ թռիչքներ կլինեն
Advertisement 1000 x 90

Lufthansa ավիաընկերությունը մուտք է գործում հայկական շուկա. որ ուղղությամբ թռիչքներ կլինեն

Տևական ժամանակ ընթացող բանակցություններն ավարտին հասան, և սույն թվականի օգոստոսի 13-ից հայկական շուկա մուտք կգործի Lufthansa ավիաընկերությունը, տեղեկանում ենք «Արմենիա» միջազգային օդանավակայանների ֆեյսբուքյան էջից։

Ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի Ֆրանկֆուրտ (Գերմանիա) – Երևան -Ֆրանկֆուրտ (Գերմանիա) երթուղով՝ շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ: Ֆրանկֆուրտից Երևան չվերթերը կիրականացվեն երեքշաբթի, հինգշաբթի և կիրակի օրերին, իսկ Երևանից Ֆրանկֆուրտ՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին։

«Մենք՝ որպես Lufthansa խմբի ավիաուղիներ, ուրախ ենք ավելացնել մեր ներկայությունը Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում և ներկայացնել մեր նոր՝ Երևան-Ֆրանկֆուրտ ուղղությունը՝ շաբաթական երեք չվերթ հաճախականությամբ: Այս նոր միացումներով Lufthansa խումբը շուտով կառաջարկի շաբաթական մինչև 16 չվերթ հաճախականությամբ չվերթեր Երևանից Վիեննա, Բրյուսել, Քյոլն և Ֆրանկֆուրտ»,- նշել է Ուկրաինայի, Բելառուսի, Թուրքմենստանի և Հարավային Կովկասի վաճառքի գծով գլխավոր մենեջեր Ռենե Կոինչակը:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար կարող եք այցելել ավիաընկերության կայք՝ lufthansa.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

Lufthansa-ն Lufthansa խմբի մի մասն է, որն արդեն իսկ մեծ ներկայություն ունի Հայաստանում: Austrian ավիաուղիները վերջին 20 տարվա ընթացքում չվերթեր է իրականացնում Վիեննայից Երևան: Brussels ավիաուղիներն այժմ առաջարկում է շաբաթական 5 չվերթ Բրյուսելից Երևան, և Eurowings-ը շուտով՝ 2021 թվականի օգոստոսի 5-ից, ուղիղ չվերթներ կիրականացնի Քյոլնից: