Փաշինյանի լրատվականը ԱՄՆ պետքարտուղարի հետ զրույցի տեքստի կեսը հորինել է. yerevan.today
Advertisement 1000 x 90

Փաշինյանի լրատվականը ԱՄՆ պետքարտուղարի հետ զրույցի տեքստի կեսը հորինել է. yerevan.today

Հուլիսի 13-ին ՀՀ կառավարության լրատվականը հաղորդագրություն տարածեց, թե Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:

ԱՄՆ պետդեպարտամենտը որևէ բան չէր հայտնում հեռախոսազրույցի մասին։ Yerevan.Today-ը հարցում ուղարկեց ԱՄՆ դեսպանատուն՝ խնդրելով հրապարակել զրույցի՝ ամերիկյան կողմի տարբերակը, քանի որ բազմիցս բախվել ենք խնդրին, որ Նիկոլ Փաշինյանի լրատվական ծառայության ու մյուս կողմի տեքստերը տըարբեր են լինում, ու Փաշինյանը միշտ իրեն գովաբանող տողեր է ավելացնում զրույցում։

Ավելի ուշ ԱՄՆ պետդեպարտամենտը տեղադրեց կայքում զրույցի իր տարբերակը սակայն տեքստը էականորեն տարբերվում է ՀՀ կառավարության հաղորդագրությունից, Եթե չասենք՝ գրեթե միայն հեռախոսազրույցի փաստն է իրականություն։

Օրինակ՝ հայկական տեքստում տեղ է գտել հետևյալ ձևակերպումը․ «Ամերիկյան կողմը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ` ընդգծելով ՀՀ կառավարության կողմից վերջին տարիներին ձեռնարկած հետևողական քայլերը՝ Հայաստանի ժողովրդավարական ձեռքբերումների ապահովման գործում»:

Ամերիկյան կողմի տեքստում հետևյալ կերպ է գրված․ «Պետքարտուղարը ջերմ շնորհավորանքներ հղեց Հայաստանի ժողովրդին հունիսի 20-ի ընտրությունների կապակցությամբ, որը ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի գնահատմամբ տեղի էր ունեցել ընտրողների հիմնարար իրավունքների ու ազատությունների նկատմամբ ընդհանուր հարգանքի պայմաններում, իսկ ընտրապայքարի դուրս եկած ուժերը կարողացել էին ազատորեն իրականացնել քարոզարշավը»։

Հայկական կողմի տեքստում գրված է․ «ԱՄՆ պետքարտուղարը բարձր է գնահատել Նիկոլ Փաշինյանի գործադրած ջանքերը՝ երկրում նախընտրական շրջանում ստեղծված լարվածությունը խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու և ընդդիմության հետ քաղաքակիրթ հարաբերություններ կառուցելու ուղղությամբ»:

Ամերիկյան տեքստում նման բան ընդհանրապես գրված չկա։ Եվ չէր էլ կարող լինել, քանի որ ոչ մեկը չի կարող տեսած լինել լարվածությունը թուլացնելու և ընդդիմության հետ քաղաքակիրթ հարաբերություններ կառուցելու ջանքեր․ դրանք պարզապես չկան։ Ավելին, այս օրերին շատ լայն թափով տեղի են ունենում ընդդիմադիրների կալանավորումներ, խուզարկություններ, ճնշումներ «Հայաստան» դաշինքի անդամների նկատմամբ։

Ամերիկյան կողմի տեքստում ոչինչ չկա կոռուպցիայի դեմ օպայքարի, արդարադատության ոլորտում աշխատանքների մասին, ինչը տեղ է գտել հայկական տեքստում։

Մի խոսքով՝ հայկական և ամերիկյան կողմերի տեքստերը բոլորովին տարբեր բաների մասին են։

Փաստենք՝ առաջին անգամը չէ, որ Նիկոլ Փաշինյանը տեքստեր է հորինում ու վերագրում այլ երկրների առաջնորդների, հայտնի գործիչների։

Օրինակ՝ այս տարվա փետրվարի 25-ին հեռախոսազրույց են ունենում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը տարածում է հաղորդագրությունմ, թե՝ «Նախագահ Պուտինն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին և հույս հայտնել իրավիճակի շուտափույթ կարգավորման կապակցությամբ»։ Ռուսական տեքստում որևէ բառ անգամ չկա «օրինական իշխանությունների» մասին։

Գրված է․ «Պուտինը կողմ է արտահայտվել Հայաստանում կարգուկանոնի և հանդարտության պահպանմանը, օրենքի շրջանակներում իրավիճակի կարգավորմանը։ Ռուսաստանի ղեկավարը նաև կոչ է արել բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել»։

Կամ, 2021թ․ ապրիլի 24-ին Հայաստանի ու ՌԴ ղեկավարների մամուլի ծառայությունները հաղորդագրություններ տարածեցին, թե Պուտին-Փաշինյան հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Հայկական կողմի տարածած հաղորդագրության մեջ հատուկ նշվում է, որ զրուցել են գերիների մասին, սակայն ռուսական տարբերակում նման բան չկար։

2020թ․ հունիսի 1-ին ՀՀ վարչապետի կայքը հայտնեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան տարեդարձի առիթով։ Այնուհետև մեկ այլ հաղորդագրություն տարածեց, թե նաև հեռախոսազրույց են ունեցել։ Կրեմլը ոչինչ չհայտնեց շնորհավորական ուղերձի մասին, միայն հայտնեց հեռախոսազրույցի մասին, այն էլ, պարզվեց, Փաշինյանը հորինել էր մի քանի պարբերություն։

Օրերս՝ հուլիսի 12-ին, կառավարության լրատվականը հայտնեց, թե Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հայաստանի Ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանի հետ։ Էռնեկյանի խոսքերը ևս ներկայացվեց խեղաթյուրված։ Նա ասել էր․ «Մենք աջակցում ենք Ձեր կայացրած որոշմանը»: Կառավարության կայքում դա դարձել էր․ «Մենք աջակցում ենք Ձեր կայացրած որոշմանը, որովհետև դա շատ կարևոր է, և մենք ի սկզբանե աջակցում էինք Ձեր հաղթանակը»:

Նիկոլ Փաշինյանի համար, փաստորեն, սովորական է դառնում զրույցներ հորինելը։ Ու արդեն հարց է առաջանում՝ արժե՞ հավատալ այս իշխանության որևէ խոսքի, թե՞ ամեն բան պետք է մանրակրկիտ ճշտել՝ կլինի հասարակ ու «անմեղ» շնորհավորանք, թե՝ ռազմական «հաջողության» հաղորդագրություն։

yerevan.today



Նման նյութեր