Իրանի նորընտիր նախագահ Իբրահիմ Ռայիսին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը շնորհակալություն է հայտնել Իրանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորելու համար:
Հայաստանում Իրանի դեսպանության հաղորդագրության մեջ նշվում է, որ Ռայիսին առանձին ուղերձներով շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։
«Նորընտիր նախագահը, բարօրություն և հաջողություններ մաղթելով ՀՀ կառավարությանը և ժողովրդին, հույս է հայտնել, որ երկու բարեկամ երկրների հարաբերությունների առավել զարգացման և ընդլայնման ականատեսը կլինի»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ադրբեջանում Իրանի դեսպանությունն էլ հրապարակել է Ռայիսիի` Ալիևին ուղված ուղերձը:
Ուղերձում նշվում է, որ երկու բարեկամ և հարևան երկրների միջև հարաբերությունները հիմնված են եղբայրական կապերի, ժողովուրդների ընդհանուր մշակույթի և պատմության վրա:
«Ռայիսին շնորհավորել է նախագահ Ալիևին օկուպացված տարածքների ազատագրման, այդ տարածքներում Ադրբեջանի պետական իշխանության վերականգնման և պետական սահմանների վերահսկողության հաստատման կապակցությամբ», – ասված է հաղորդագրության մեջ:
Նա հույս է հայտնել, որ երկու երկրների միջև համագործակցությունը կզարգանա ավելի արագ տեմպերով՝ նպաստելով տարածաշրջանի կայունության և խաղաղության ամրապնդմանը: