Օրերս ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հրապարակեց 2016 թվականի լավագույն մարզիկների տասնյակը։ Նշենք, որ այդ տասնյակը գլխավորում է Ռիո դը Ժանեյրոյի ամառային օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, հունա-հռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, որը մրցաշրջանի լավագույն մարզիկի կոչմանն է արժանանում երրորդ տարին անընդմեջ։ Այդ տասնյակում են նաև Միհրան Հարությունյանը՝ հունա-հռոմեական ոճի ըմբիշ, Սիմոն Մարտիրոսյանը՝ ծանրորդ, Գոռ Մինասյանը՝ ծանրորդ, Նազիկ Ավդալյանը՝ ծանրորդ, Հարություն Մերդինյանը՝ մարմնամարզիկ, Անդրանիկ Կարապետյանը՝ ծանրորդ, Հռիփսիմե Խուրշուդյանը՝ ծանրորդ, Վարշամ Բորանյանը՝ հունա-հռոմեական ոճի ըմբիշ, Արթուր Դավթյանը՝ մարմնամարզիկ։
168.am-ը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Աստղիկ Մարտիրոսյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է կազմվել այդ մարզիկների ցանկը, և, թե ինչո՞ւ Հենրիխ Մխիթարյանը նույնպես այդ տասնյակում չկա։ Ի պատասխան՝ Ա. Մարտիրոսյանն ասաց. «Նախարարությունը որևէ միջամտություն ո՛չ ցանկի, ո՛չ ընտրության հետ չունի։ Ընտրություն կատարվում է Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի կողմից։ Կատարված ընտրությունն արդեն Սպորտի նախարարությունը չէր կարող իր պաշտոնական կայքէջում չունենալ։ Մենք հրապարակել ենք արդեն ընտրված տասնյակը»։
Անի Քեշիշյան