Երգչուհի Էվա Ոսկանյանի «Մամ ջան» կոչվող նոր երգն ու տեսահոլովակը նվիրված է Արցախի երկրորդ պատերազմում զոհված 19-ամյա Մովսես Սարգսյանին: Tert.am Life-ի հետ զրույցում Էվան պատմել է երգի ստեղծման, տեսահոլովակի նկարահանումների և իր ապրումների մասին:
Էվայի խոսքով՝ իր կյանքում երաժշտական իմ ամենամեծ դադարը եղել է պատերազմի շրջանում:
«Համրացած էի, չէի կարողանում անգամ մեկ նոտա սեղմել, երգել: Մի օր ինձ գտավ Սյուզի անունով աղջիկ, որն ասաց՝ պատերազմի թեմայով երգի խոսքեր է գրել, ուզում է, որ ես էլ երաժշտությունը գրեմ: Առաջին արձագանքս մերժումն էր, որովհետև չէի մտածում՝ այդ թեմայով կարող եմ ինչ-որ բան անել: Հետո Սյուզին ուղարկեց խոսքերն ու համաձայնեցի: Նրա քրոջ որդին՝ 19-ամյա Մովսես Սարգսյանը զոհվել էր Արցախի երկրորդ պատերազմում: Երգը Մովսեսին է նվիրված, Սյուզին լրիվ ուրիշ մասնագիտություն ունի, բայց այնքան լցված է եղել, որ գրել է խոսքերը: Երկար ժամանակ տղա կատարող էինք փնտրում, որովհետև երգը զինվորի խոսքն է մայրիկին, բայց չգտանք ու ես երգեցի»,- պատմեց նա:
Ըստ երգչուհու՝ ձայնագրման գործընթացն իր համար հուզական տեսանկյունից բարդ էր: «Ունեմ մտերիմ ու հարազատ մարդիկ: Նրանցից մեկն էլ Լիլիթ Նավասարդյանն է, որն ինձ օգնեց անել երգի գործիքավորումն ու ձայնագրությունը: Մի քանի հոգով հավաքվեցինք, էմոցիոնալ տատանումների գնով ստեղծեցինք այն, ինչ ունենք: Հուզմունքը երգելիս խանգարում էր, բայց պետք է սովորենք խոսել ու երգել այս մասին: Մովսեսին չեմ ճանաչել, բայց ուզում եմ լավ ճանաչել, փնտրել: Նրան վաղուց ինձ հարազատ եմ համարում»,- ասաց նա:
Ամբողջությամբ՝ tert.am.life