Ադրբեջանցիներն առանց որևէ հիմնավոր բացատրության՝ երեք ամիս է թույլ չեն տալիս հայ հոգևորականների մուտքը Դադիվանք. pastinfo.am
Advertisement 1000 x 90

Ադրբեջանցիներն առանց որևէ հիմնավոր բացատրության՝ երեք ամիս է թույլ չեն տալիս հայ հոգևորականների մուտքը Դադիվանք. pastinfo.am

Հայ հոգևորականները երեք ամիս է չեն կարողանում մուտք գործել Դադիվանք։ Ադրբեջանն արգելում է անգամ վանական համալիրի տարածքը մտնել։ Դադիվանքի սպասավոր Հայր Ներսեսը «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ադրբեջանական պատճառաբանությունները հիմնավորված չեն.

«Ադրբեջանցիներն առանց որևէ հիմնավոր բացատրության ուղղակի թույլ չեն տալիս մուտքը։ Երեք ամիս առաջ՝ մայիսի սկզբից, ադրբեջանցիները տարբեր պատրվակներով՝ սկզբում պանդեմիայի, հետո գետի վարարման արդյունքում ճանապարհների քանդվելու հետ կապված պատճառաբանեցին, որ ելք ու մուտքը արգելում են։ Այնուհետև սկսեցին պարզապես խնդիրներ հարուցել»։

Մայիսից մինչև օրս վանք մուտք գործելու թույլտվություն չունեն նաև ուխտավորները, իսկ հոգևորականները վանք այցելել են մեկ անգամ։

«Մինչ այդ մեր վանականներից տարբեր խնդիրներով Էջմիածնում էին, վերադարձը բավական դժվարացավ, բայց, այնուամենայնիվ, ռուս խաղաղապահները կարողացան համոզել և ներս մտցնել։ Դրանից հետո առողջական, կենցաղային, կազմակերպչական հարցերով երկու հայր սուրբ դուրս եկանք վանքից ու դրանից հետո գրեթե մեկ ամիս է չենք կարողանում վանք վերադառնալ»։

Այս պահին չորս վանական գտնվում է համալիրում, շարունակում իրենց ներկայությամբ և աղոթքով պահպանել վանքը։ Երկուսը՝ Հայր Ներսեսն ու Հայր Աթանասը Գանձասարում սպասում են իրենց վերադարձին։ Նպատակ ունեն միանալ իրենց վանական եղբայրներին։

Խնդրի մասին տեղյակ է նաև ռուսական կողմը։ Ամեն կերպ փորձում են շտկել իրավիճակը, ամեն օր բանակցություններ վարում, փորձում են հարթել իրավիճակն ու համաձայնություն ձեռք բերել։ Ռուսական զորքը տեղակայված է նաև Դադիվանքում, ապրում են վանականների կողքին, պահպանում անվտանգությունը։

Ադրբեջանական կողմի նման դրսևորումների նպատակը, ըստ հայր Ներսեսի, մեծ հանելուկ չէ.

«Նպատակն այն է, որ ստեղծեն իրավիճակ՝ ցույց տալու համար, որ իրենք են տիրապետում բոլոր տեսակի իրողություններին։ Միևնույն ժամանակ հայկական հինավուրց այդ պատմական վանքը թողնել առանց հայ հոգևորականի։ Ենթադրում եմ՝ դա ևս փորձում են առիթ և պատճառ օգտագործել՝ ինչ-որ բան շահարկելու, նոր պահանջներ ներկայացնելու համար»։

Հայր Ներսեսը վստահ է, որ շուտով համաձայնություն ձեռք կբերվի և կվերադառնան ծառայության։

pastinfo.am