Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է.
«Հավատացած եմ, որ ապագայի Ձեր տեսլականը և նպատակային գործողությունները հաստատակամ քայլերով Իտալիան առաջնորդելու են բարգավաճման և առաջընթացի ուղիով:
Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Իտալիայի հետ քաղաքակրթական ընդհանուր արժեքների վրա հիմնված գործակցությունը։
Նշանակալի է մեր երկրների և ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում Ձեր անձնական ներդրումը: Վստահ եմ, որ հայ-իտալական փոխգործակցությանը մեծապես նպաստում է նաև Իտալիայում հայերի դարավոր ներկայությունը»: