Հայկական Զինված ուժերը հիմա մենակ են, նրանց թիկունքում պետություն չկա. փորձագետ. pastinfo.am
Advertisement 1000 x 90

Հայկական Զինված ուժերը հիմա մենակ են, նրանց թիկունքում պետություն չկա. փորձագետ. pastinfo.am

Եթե իշխանությունն անհրաժեշտ նվազագույն քայլերն իրականացներ բանակը վերականգնելու ուղղությամբ, ապա մենք մայիսի 12-ից հետո Սյունիքում և Գեղարքունիքում նոր ճգնաժամ չէինք ունենա: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը:

Ըստ ռազմական փորձագետի՝ բանակի մարտունակության բարձրացման համար պատասխանատու անձինք, ի վիճակի չեն որևէ քայլ անել այդ ուղղությամբ.

«Այն փոփոխությունները և բարեփոխումները, որոնց մասին նրանք խոսում են, դրա արդյունքը կերևար առաջին հերթին սահմանին: Այն մարդիկ, որոնք պատասխանատու են Զինված ուժերի մարտունակության և պաշտպանական քաղաքականության իրականացման ուղղությամբ, այդ մարդիկ պարզապես ի վիճակի չեն այդ ուղղությամբ որևէ քայլ անել»,-ասաց զրուցակիցը և ընդգծեց, որ բանակում վերջին կադրային տեղաշարժերը ցույց են տալիս մեկ բան՝ բանակի մարտունակ զինվորականները, հրամանատարները հեռանում են, իսկ տարբեր պատասխանատու պաշտոններին հայտնվում են անհասկանալի դեմքեր:

Փորձագետի խոսքով՝ հայկական Զինված ուժերը հիմա մենակ են, նրանց թիկունքին պետություն գոյություն չունի, սահմանային այն հատվածներում, որտեղ հնարավոր է լինում պահպանել հարաբերական անդորր, դա միայն առանձին հրամանտարների և զինծառայողների ջանքերի գնով է.

«Նման կերպ սահման չեն պաշտպանում, ոչ էլ երկիր են պահում:Պարզ չէ՝ առհասարակ կա՞ ցանկություն ունենալ Զինված ուժեր, որը լուծելու է երկրի առջև առկա սպառնալիքները, եթե կա ցանկություն, ապա ինձ համար տեսանելի չեն այն պատասխանատուները, որոնք ի վիճակի են այդ խնդիրները լուծել»,-ասաց Աբրահամյանը:

Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի՝ արդեն հաճախակի դարձած սպառնալիքները՝ Հայաստանի և Արցախի տարածքային ամբողջականության նկատմամբ, փորձագետն ասաց, որ իշխանությունների ոչ հավասարակշիռ քաղաքականություն հետևանքով՝ մեր տարածքների նկատմամբ հակառակորդի հավակնություններն անընդհատ դրսևորվելու են.

«Վերջին 3 տարում անընդհատ հանրությանը և իշխանությանը փորձում էինք բացատրել Ադրբեջանի մշտական օրակարգում գտնվող հարցերը, նրանց հավակնությունները՝ ընդհուպ ՀՀ-ի տարբեր բնակավայրերի նկատմամբ:

Փորձում էինք իշխանությանը հուշում-քննադատություններով հասկացնել, որ երկիրը սպառնալիքների առջև է կանգնած, և իշխանությունը պետք է արագ գործի: Ցավոք, այս իշխանությունը անվտանգային խնդիրները չլուծեց, ունեցանք ծանր պատերազմ, տարածքային և մարդկային ծանր կորուստներ, իրավիճակը ընթանում է նոր կորուստների ճանապարհով: Այս իշխանությունը զսպման, հավասարակշռման որևէ լուրջ քաղաքականություն չի կարողանում վարել, արդյունքում՝ մեր տարածքների նկատմամբ հակառակորդի հավակնություններն անընդհատ դրսևորվելու են»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:

pastinfo.am